Պարբերաբար ստուգվում է շուկայում իրացվող ձմերուկը. ՍԱՏՄ-ն անդրադարձավ համացանցում տարածված տեղեկությանը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանի ամբողջ տարածքում պարբերաբար պտուղ-բանջարեղենի, այդ թվում ձմերուկի մոնիտորինգ է իրականացնում` պարզելու, թե որքանով են դրանք անվտանգ քաղաքացիների համար:

«Արմենպրես»ի հետ զրույցում ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը նշեց, որ տեսուչները ստուգումներն իրականացնում են բերքահավաքի ժամանակ հենց աճեցման վայրերում:

«Ստուգվում է ոչ միայն նիտրատների, այլ նաև պեստիցիդի և ծանր այլ մետաղների առկայությունը: Օրինակ` նիտրատների չափաքանակը իմանալու համար անպայման պետք է լաբորատոր փորձաքննություն իրականացվի: Շուկայում գնված անհայտ էքսպրես սարքերի սխալի տոկոսը շատ մեծ է, և այն որպես հիմք ընդունել իմաստ չունի: Ստուգումներն իրականացվում են աճեցման վայրերում բերքահավաքի ժամանակ, երբ արդեն բերքը հասունացել է, իսկ ներմուծված պտուղ-բանջարեղենն անմիջապես սահմանին է նմուշառում արվում և լաբորատոր փորձաքննություն իրականացվում»,- ասաց Նիկոյանը:

ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետը նշեց, որ  ներմուծված պտուղ-բանջարեղեների շրջանում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ տեղական արտադրության մասով Նիկոյանը նշեց, որ ստուգումները դեռևս ընթացքի մեջ են:

ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետը նաև անդրադարձավ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում աղմուկ հանած տեղեկությանը. օգտատերերից մեկը ահազանգել էր, որ նիտրատ չափող սարքի միջոցով ստուգել է ձմերուկը և պարզել, որ նիտրատի չափաբաժինը 3-4 անգամ գերազանցել է նորմը: Նիկոյանը նշեց, որ պարզ չէ, թե որտեղ, երբ և ինչ սարքով է արվել ստուգումը: ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այդ սարքերը ունենում են մեծ սխալի տոկոս, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր փորձաքննություն:

«Դրա համար չի կարելի սարքի տվյալները որպես հիմք ընդունել` աժիոտաժ և խուճապ տարածել մարդկանց մեջ»,- եզրափակեց Նիկոյանը: