Նոյեմբերի 25-ին մեկնարկելու է գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը: Այս մասին իրազեկում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»:
Ըստ հաղորդագրության, նոյեմբերի 25-ին` ժամը 13:30-ին, Հանրապետության Հրապարակում կոալիցիան մոմավառություն եւ խնկավառություն կիրականացնի՝ նվիրված ընտանեկան զոհերի հիշատակին: Իսկ քիչ անց Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի 131 օրինակներ կբաժանվեն Ազգային Ժողով՝ պատգամավորներից յուրաքանչյուրին` ԱԺ-ում:
«Ազգային ժողով ենք տանելու նաեւ 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիների ստորագրությամբ հաստատված պահանջ-բացիկները, որով քաղաքացիները կոչ են անում պատգամավորներին ընդունել Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը,-նշված է հաղորդագրության մեջ,-Երթը կմեկնարկի Հանրապետության Հրապարակից եւ կավարտվի Ազգային Ժողովի շենքի դիմաց»:
Երեւանի քաղաքապետարանը ծանուցված է նոյեմբերի 25-ի միջոցառումների վերաբերյալ:
Պայքարի 16 օրյակի Մյուս միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի առաջիկայում: