Ջո Բայդենի աշխատակազմում Հայկ Հաջինազարյանը կզբաղեցնի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով տնօրենի պաշտոնը

Սպիտակ տան պաշտոնական էջում հապարակվել են ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի աշխատակազմում նշանակումները, որոնց շարքում է ամերիկահայ Հայկ Հաջինազարյանը։ Վերջինը նշանակվել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով տնօրեն:

Հայկ Հաջինազարյանը նախկինում աշխատել է որպես Բայդենի քարոզարշավի Արևմտյան Փենսիլվանիա նահանգի մամուլի խոսնակ: Մինչ այդ Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում նախնական և ընդհանուր ընտրությունների ընթացքում աշխատել է քարոզարշավի հասարակության հետ կապերի թիմի կազմում:

Նախքան քարոզարշավին միանալը, նա աշխատել է ԱՄՆ Կոնգրեսում, նախ որպես Ինդիանա նահանգի սենատոր Ջո Դոնելիի մամուլի օգնական, ապա Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հանձնաժողովի մեծամասնության աշխատակազմի մամուլի քարտուղարի տեղակալ:

Ծնվել է Օհայոյի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալ ծնողների ընտանիքում: Հաջինազարյանը ավարտել է Ինդիանայի համալսարանը և Վաշինգտոնի համալսարանի քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը: