Գերիներին չվերադարձնելը միջազգային ոչ իրավաչափ արարքի տարրեր պարունակող խնդիր է. պատգամավոր

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ադրբեջանում հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձի հիմանխնդիրը համարում է լրջագույն միջազգային իրավական խնդիր:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում:

«Յուրքանչյուրիս համար ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հիմնախնդիրը առաջնային, օրակարգային է: Եվ  յուրաքանչյուրս առվնազն սեպտեմբերի 27-ից հետո ապրում ենք այդ խնդրով, իսկ շատերն այդ խնդրով ապրում էին նաև դեռ ավելի վաղ, քանի որ գերեվարված անձինք կային նաև նախկինում: Եվ սա լրջագույն միջազգային իրավական խնդիր է: Միջազգային ոչ իրավաչափ արարքի տարրեր պարունակող խնդիր է ռազմագերիներին և  այլ պահվող անձանց չվերադարձնելը»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը սկսել է իրավական գործընթացներ՝ ատելության մթնոլորտի հետ կապված, որ տարածվում է Ադրբեջանում: «Այդ իրավական գործընթացների մասին մասնագիտական հարթակներում խոսվում է 10-ից ավելի տարի, և այս կառավարությունն ի վերջո համարձակություն է գտել՝ գնալ այդ գործընթացների, թեև հասկանում է, թե ինչքան մեծ բարդություններ դրանք կարող են առաջացնել»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով խորհրդարանական աշխատանքին՝ նա նշեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների մեծամասնությունը եղել և մնում է այն կարծիքի կողմնակից, որ գերիների հետ կապված հարցով անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, և այդ առումով պետք է գտնել ճիշտ ձևաչափը: «Մենք առաջարկել ենք աշխատանքային խմբի ձևավորում: Մեր միջազգային գործընկերներին պետք է ամենօրյա ռեժիմով տեղյակ պահենք խնդիրների մասին»,- նշեց Վարդանյանը: