Կեղծ ընթերակաների գործով քրեական գործ է հարուցվել

Կեղծ ընթերակաների գործով քրեական գործ է հարուցվել
Կեղծ ընթերակաների գործով քրեական գործ է հարուցվել

2014 թ. սեպտեմբերի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին դիմում-բողոք էր ուղարկվել Վանաձոր քաղաքի բնակիչ Փ. Թ.-ի իրավունքների խախտման վերաբերյալ: Դիմումում ներկայացվել էր պահանջ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու մասին: ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանը մերժել էր կեղծ և վարձու ընթերակաների մասնակցությամբ իրականացված քննչական գործողությունների վերաբերյալ քրեական գործի հարուցման մասին կազմակերպության դիմումը:

Ի պատասխան կազմակերպության դիմումի, ՀՀ գլխավոր դատախազությունից՝ 2014 թ. հոկտեմբերի 23-ին, ստացվել է պատասխան գրություն, որով հայտնել են, որ Կազմակերպության բողոքը բավարարվել է, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը:

Նշված գործի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ ծանոթանալով նախորդ հոդվածին և ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված դիմումին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ