ԱԺ-ն քննարկեց սեպտեմբերի վերջին շաբաթ օրը որպես Ազգային փոքրամասնությունների օր նշելու նախագիծը

Խորհրդարանը քննարկեց «Իմ քայլը» խմբակցությամբ՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Աժ նիստում ներկայացրեց Ռուստամ Բաքոյանը:

«Առաջարկում եմ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամանասնությունների օր»,- ասաց պատգամավորը:

Բաքոյանը նշեց, որ ՄԱԿ-ի 1966 թվականի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով ամրագրված է, որ այն երկրներում, որտեղ գոյություն ունեն ազգային փոքրամասնություններ՝ էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններ, ապա այդ փոքրամասնություններին պատկանող անձանց չի կարող մերժվել նույն խմբի այլ անդամների հետ համատեղ իրենց մշակույթից օգտվելու, իրենց կրոնը դավանելու, ծիսակատարությունները կատարելու, ինչպես նաև մայրենի լեզվից օգտվելու իրավունքը:

«ՀՀ բնակչության շուրջ 1.8-2 տոկոսի մեջ ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են: Ազգային փոքրամասնությունների կարևորությունը ՀՀ-ում նաև արտահայտվում է Սահմանադրությամբ»,-ասաց Բաքոյանը:

Հայաստանում գործում է ազգային փոքրամասնությունների խորհուրդ: