Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022-ի սկզբին. կհատկացվի 7,4 մլն դոլար

Կառավարությունը հավանություն տվեց «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս համաձայնագրով նախատեսվում է 7,4 մլն դոլարի տրամադրում: «Դեռևս 2013 թվականին Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որով նախատեսված էին Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերում։

2020թ․ մարտի 6-ին կատարված փոփոխություններով նախատեսվել էր Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանել Վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը, ինչպես նաեւ փոխարժեքային տարբերության հետեւանքով առաջացած ֆինանսական կորուստները:

Նշված պատճառներով ֆինանսական միջոցները չէին բավարարի 2 ԲԿ-ների արդիականացման համար ու նպատակահարմար էր համարվել այդ պահին միջոցներն ուղղել  Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքներին: Վայոց ձորի նոր ԲԿ-ի կառուցման և բուժսարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել էր  2020-2023 թթ կառավարության միջոցառումների ծրագրով»,- ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարին են ուղղվել Մարտունու ԲԿ-ի կառուցման համար նախատեսված 3 մլն դոլարը ու այժմ անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ գումարը:

Ըստ նախարարի, Մարտունու ԲԿ-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց Ձորի ԲԿ-ի կառուցումը կսկսվի շուտով: «Երկու կենտրոններն էլ ռազմավարական կարևորության են: Երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում և նոր ԲԿ-ների կառուցումը կնպաստի որակյալ ծառայություններ մատուցելուն», – ասաց նախարարը՝ ավելացնելով, որ Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին: