Ուժեղ քամին վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում  փետրվարի 6-ի եւ 7-ի գիշերային ժամերին գրանցված  ուժեղ քամիները նոր վնասներ են  հասցրել բնակիչներին եւ տնտեսվարող սուբյեկտներին: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, փետրվարի 6-ին եւ  7-ին գրանցված ուժեղ քամիների հետեւանքով վնասվել է բազմաբնակարան 16 շենքերի տանիքներ՝ մատ 780 քառակուսի մետր մակերեսով եւ 25 առանձնատների տանիքներ՝ շուրջ 865 քառակուսի մետր մակերեսով:

Վնասել են նաեւ հանրային նշանակության յոթ շենքերի տանիքներ՝ 120 քառակուսի մետր մակերեսով: Մասնակի քանդվել են նաեւ Ճամբարակի թիվ մեկ եւ երկու հիմնական ու Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցների տանիքները, փլվել է 1 անասնագոմի  պատ՝ 70 քառակուսի մետր մակերեսով: Վնասվել է Ճամբարակ քաղաքի լուսավորվածության ցանցը 1800 գծամետր երկարությամբ, շարքից դուրս եկել ԼԵԴ տեսակի 25 լամպ, 8 թողարկիչ սարք:

Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ փետրվար 6-ի գիշերային ժամերին Գավառ քաղաքում քամին  վնասել է բազմաբնակարան երկու շենքի տանիքներ Ազատության եւ Զորավար Անդրանիկ փողոցներում՝ մասամբ, իսկ այլ փողոցներում գտնվող երկու առանձնատների տանիքներ՝ ամբողջովին: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից  ստացված տեղեկատվության համաձայն՝ Ծովագյուղում վնասվել են մշակույթի տան եւ մանկապարտեզի, ինչպես նաեւ բնակիչներին պատկանող 10 առանձնատների տանիքներ՝ ինչպես մասամբ, այնպես էլ ամբողջությամբ:

Սեմյոնովկայում վնասվել է համայնքային սեփականություն հանդիսացող 1 շինության տանիք: Վնասների հնարավոր չափերը ուսումնասիրվում եւ ճշգրտվում են համայնքապետարաններում կազմված համապատասխան հանձնաժողովների կողմից: