Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով

Ազգային ժողովը այսօր առավոտյան մեկնարկած նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Ընդդիմության ներկայացրած օրինագծին կողմ էր 103, ձեռնպահ՝ 2 պատգամավոր: 

Նախագծով առաջարկվում է բարձրացնել Զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքը:

Այսպես՝ պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63: 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ սահմանային տարիքը լրացած զինծառայողն ազատվում է աշխատանքից, մինչդեռ շատ են դեպքերը, երբ ցանկություն կա շարունակելու ծառայությունը: