Նոր տուն՝ նոր կյանք․ Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքին օգնելու համար նախաձեռնություն է մեկնարկել

Պատերազմի հետևանքով Հադրութում տունը, ապրուստի բոլոր միջոցները կորցրած և Հայաստանում ապաստանած Նարինե Խաչատրյանի ընտանիքին օգնելու նպատակով Հայաստանում հողատարածք կամ տուն ձեռք բերելու համար մի քանի երիտասարդներ դրամահավաք-նախաձեռնություն են մեկնարկել։

Նախաձեռնության կազմակերպիչներից Սեդա Արզումանյանը «Մեդիալաբին» պատմում է, որ ֆոնդերի հավաքման էջը ստեղծվել է Ֆեյսբուքում, որպեսզի հնարավոր լինի օգնել Արցախից Հայաստան տեղափոխված և ամեն բան կորցրած ընտանիքին ոտքի կանգնել և կարողանալ մեծացնել իրենց երեխաներին:

«Նարինե Խաչատրյանի ընտանիքը Հադրութի Տումի գյուղում է բնակվել։ Նարինեի ամուսինը՝ Արմենը, Արցախյան պատերազմի առաջին օրվանից մասնակցել է պատերազմին։ Ունեն հինգ անչափահաս երեխաներ։ Գյուղում զբաղվել են ձիապահությամբ։

Այժմ վարձով են ապրում Պտղնիում, որտեղ անգամ խմելու ջուր չկա։ Նրանց հետ ապրում է նաև ամուսնու քրոջ ընտանիքը, քրոջ ամուսինը անհայտ կորած է։ Միայն ամուսինն ունի Հադրութի գրանցում, երեխաները և Նարինեն՝ Ստեփանակերտի, այժմ Նարինեին և երեխաներին պետական աջակցություն չի հասնում՝ որպես հողերը կորցրածի։

Մեր նպատակն է հավաքել 10 հազար դոլար, որպեսզի նրանց համար գնենք մի փոքր հող Հայաստանի գյուղերից մեկում: Ընտանիքը կկարողանա հողակտորի վրա հետագայում տուն կառուցել, ինչպես նաև օգտագործել հողագործության և անասնապահության նպատակով, որն էլ կծառայի ընտանիքի համար եկամտի աղբյուր:

Եթե կարողանանք ավելի շատ գումար հավաքել, ապա կօգնենք նաև ընտանիքին տան կառուցման աշխատանքներում»,- ասում է Արզումանյանը:

Ֆեյսբուք սոցիալական էջում 10 օր առաջ ստեղծված դրամահավաքի էջն արդեն հասցրել է հավաքել գումարի կեսից ավելին՝ 5660 դոլար։

«Կեսն արդեն հավաքել ենք, մեծ մասամբ հայերն են նվիրատվություն անում, բայց մի քանի օտարերկրացիներ ևս միացել են, 10-350 դոլարի սահմանում են եղել փոխանցումները»,- ասում է նախաձեռնող թիմի անդամը։

Նարինե Խաչատրյանի խոսքով՝ այժմ իրենց ընտանիքն ապրում է կյանքի ամենադժվար օրերը․ «Իմ ընտանիքը՝ ամուսինս, հինգ երեխաներս և մեր 76-ամյա պապիկը պատերազմի և ստորագրված փաստաթղթի պատճառով ստիպված ենք եղել թողնել մեր տունը Հադրութում: Մենք կորցրեցինք ամեն ինչ՝ մեր տունը, գյուղը, ամեն հնարավոր բան… Այսօր տուն ենք վարձել Հայաստանում։Տունը գտնվում է շատ վատ պայմաններում, բայց հիմա ուրիշ տարբերակ չունենք: Դպրոցահասակ երեք երեխաներս ուսումնական ծրագրից դուրս են մնացել, քանի որ դպրոցը մեզնից շատ հեռու է: Սա իսկապես շատ դժվար վիճակ է մեզ համար հատկապես իմ հղիության պատճառով, մենք սպասում ենք մեր վեցերորդ բալիկին»,- ասում է Խաչատրյանը։

Ընտանիքի համար հող կամ տուն գնելու նպատակով կազմակերպված դրամահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել փոխանցում Help Narine’s family from Hadrout to purchase a house in village Ֆեյսբուքի էջի միջոցով։

Նախաձեռնության կազմակերպիչներից Սեդա Արզումանյանի ընդգծմամբ՝ տան կամ հողատարածքի գնումը կօգնի, որ այս ընտանիքը ոչ միայն չմտածի արտագաղթելու մասին, այլև նոր կյանք կստեղծի այստեղ։

«Երբ գումարը հավաքվի, տունը կընտրենք ընտանիքի հետ միասին։ Ցանկացած չափի գումար օգտակար է: Ձեր օգնությամբ մենք կարող ենք օգնել մի ընտանիքի՝ ստեղծել նոր կյանք Հայաստանում»,- նշում է Սեդա Արզումանյանը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am