Կառավարությունն առաջարկում է Ամանորին ոչ աշխատանքային դարձնել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը

ՀՀ կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը  և  7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից»,- ասված է որոշման նախագծում:

Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա Նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի (դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը) որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը։

Գնահատման արդյունքներով՝ 5 լրացուցիչ աշխատանքային օրերի դեպքում այլ հավասար պայմաններում.

  1. համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա88.6 մլրդ դրամով,
  2. համախառն թողարկման ծավալը կավելանա123 մլրդ դրամով, որից
  3. առևտրրի թողարկումը կավելանա 47․5 մլրդ դրամով,
  4. արդյունաբերության թողարկումը կավելանա 35․4 մլրդ դրամով,
  5. ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33․9 մլրդ դրամով,
  6. գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով։

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը  և  7-ը կսահմանվեն որպես աշխատանքային օրեր և կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։