Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը մտահոգ է, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները՝ դեռևս ամբողջությամբ չվերադարձնելով հայ ռազմագերիներին, կարծում է, որ իր երկիրը՝ Գերմանիան կարող է աջակցել ՄԱԿ-ի ջանքերին՝ ստիպելու Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները: ԵԽ պատգամավորը այս մասին ասաց «Արմենպրես»–ի հետ զրույցում:
-Պարոն Լարս Պատրիկ Բերգ, Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակմանը, բայց Ադրբեջանը խանգարում է այս գործընթացին: Ադրբեջանն արդեն վերադարձրել է ավելի քան 40 հայ գերի, Հայաստանը ևս ռազմագերիների է վերադարձել Ադրբեջանին, բայց գործընթացը դեռ չի ավարտվել: Չնայած Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերին, Ադրբեջանում դեռ կան հայ գերիներ: Ադրբեջանը կա՛մ հետաձգում է, կա՛մ չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Նախ, ի՞նչ կարծիք ունեք Ադրբեջանի այս պահվածքի վերաբերյալ:
-Ցավալի է, որ Ադրբեջանը նախընտրեց չկատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները: Իմ տեղեկությամբ՝ այդ խնդիրը ՄԱԿ-ին արդեն ներկայացվել է, և Ադրբեջանը պետք է հրաժարվի համաձայնությունները խախտելուց: Ռազմագերիները պաշտպանված իրավունքներ ունեն, և Ադրբեջանի՝ այդ գերիներին այլ անվանում տալու փորձերը (ներկայացնում են որպես ահաբեկիչ, հանցագործ-խմբ.) պարզապես ցույց են տալիս այդ երկրի չարամտությունը:
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է անել Եվրախորհրդարանը ՝ աջակցելու Ադրբեջանից հայ գերիների անհապաղ վերադարձին: Ի՞նչ դեր կարող եք խաղալ Դուք և Եվրախորհրդարանի մյուս պատգամավորները:
-Եվրախորհրդարանը ներկայումս, հավանաբար, սահմանափակ դեր ունի: Կարելի է որոշակի ճնշում գործադրել, հատկապես միջխորհրդարանական խմբերի միջոցով, բայց իրականում կարծում եմ, որ ՄԱԿ-ն է ճիշտ հարթակը՝ այս հարցի քննարկման համար:
-Իսկ Ձեր երկրում՝ Գերմանիայում ի՞նչ կարծիք ունեն այս հարցի վերաբերյալ: Հայ ընդդիմադիր որոշ գործիչներ կարծում են, որ բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, շատ այլ երկրներ նույնպես պետք է իրենց
հայտարարություններով ջանքեր գործադրեն ՝ ճնշում գործադրելու
Ադրբեջանի վրա ՝ ռազմագերիներին վերադարձնելու համար: Ի՞նչ դեր կարող է ունենալ Գերմանիան:
-Գերմանիան ակնհայտորեն մեծ կարեկցանք է տածում՝ ռազմագերիների ծանր վիճակի և Արցախ վրա Ադրբեջանի կողմից անհիմն հարձակման հարցերի առնչությամբ: Գերմանիան կարող է դեր ունենալ՝ աջակցելով ՄԱԿ-ի ջանքերին` ստիպելու Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները, և կարող է նույնն անել Եվրամիության շրջանակներում, չնայած դա սահմանափակ ազդեցություն կունենա:
-Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմից հետո Արցախի
անկախության ճանաչումը կրկին օրակարգային հարց է դարձել:
Դուք կպնդե՞ք, որ Գերմանիան ճանաչի Արցախի անկախությունը:
-Ես համակրանքով եմ վերաբերվում Արցախի անկախության պահանջի վերաբերյալ, բայց վստահ չեմ, որ այժմ ճիշտ ժամանակն է այս օրակարգն առաջ տանելու համար: Առաջնայինը պետք է լինի ռազմագերիների ազատումը, և բանակցությունները, որոնք կերաշխավորեն, որ Ադրբեջանը (և Թուրքիան) հավատարիմ կմնա համաձայնություններին: Այդ ժամանակ մենք կարող ենք մտնել Արցախի ապագա կարգավիճակի մանրամասների մեջ:
Ավելին՝ այստեղ