«Մենք կարող ենք հասկանալ մեր քաղաքացիների վրդովմունքը, սակայն սոցիալական ցանցերն ամբողջությամբ արգելափակելը մեծ սխալ կլինի». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, պատերազմի շրջանում ինչպե՞ս պայքարել սոցիալական ցանցերում, նաև որոշ լրատվամիջոցներով ֆեյք նյուզի դեմ։ Թեպետ ռազմական դրության որոշմամբ ու օրենսդրական փոփոխություններով տուգանքներ են սահմանված արգելված հրապարակումների համար, բայց ապատեղեկատվությունը սոցիալական ցանցերում հատկապես տարածում ունի։ 

– Առաջինը՝ ես դեռ չեմ կարողանում կողմնորոշվել, թե որքանո՛վ են արդարացված օրենքով սահմանված այդ խստացումներն ու պատժամիջոցները։ Եվ արդյոք ազգային անվտանգությանը վնասող հանգամանքներ կային, թե՞ ոչ։ Երբ այս հարցերի պատասխանը պարզ լինի, կկարողանանք ասել, թե որքանով են համաչափ ու իրավաչափ իշխանությունների այդ քայլերը։

Երկրորդ՝ թե կոնկրետ ձեռնարկված քայլերն ինչքանո՛վ էին արդարացված և հիմնավորված, նույնպես դժվարանում եմ ասել։ Միգուցե վաղը կամ մյուս օրը կհասկանանք, երբ յուրաքանչյուր նախադեպ կուսումնասիրենք և կկարողանանք որոշել, թե որքանով են այդ քայլերը համարժեք։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ այն, որ այս գործողությունները կատարում է ոստիկանությունը, որոշակի մտահոգություն կարող է առաջացնել։

Մենք միշտ ասում էինք, նաև կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ժամանակ էինք շեշտում, որ սա շատ նուրբ թեմա է։ Եվ անհրաժեշտ է, որ ավելի մասնագիտացված մարմին զբաղվի դրանով։ Ես նկատի ունեմ, որ իր գնահատականը պետք է տա մարմին, որը հասկանում է տեղեկատվական հոսքերից։ 

– Ոստիկանությունը տեղեկացրել է, որ արդեն հայտնաբերվել է արգելված հրապարակումների 40 դեպք, սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր տուգանվում են 300 հազար դրամով, իսկ լրատվական գործունեություն իրականացնող անձինք՝ 700 հազար դրամով։ Տուգանքը կարո՞ղ է կանխել ապատեղեկատվության տարածումը։

– Ինչ վերաբերում է տուգանքին, իմ սկզբունքային կարծիքն այն է, որ եթե խոսքը ռազմական իրավիճակի և, ընդհանրապես, անվտանգային հարցերի մասին է, գումարային պատժամիջոցներն ընդունելի չեն։ Ես կողմնակից եմ այնպիսի քայլերի, որ հրապարակումները, որոնք ուղղակի վտանգ են ներկայացնում, սահմանափակվեն ու կասեցվեն։ Ցանկացած այդ կարգի միջոցներ կարող են կիրառվել, բայց ոչ ֆինանսական տույժեր։

Ամեն դեպքում ֆեյք նյուզը տարածում ունի նաև այս փուլում, կա՞ն դրա դեմ պայքարելու այլ մեթոդներ։ Հասարակության շրջանում կան նաև քննարկումներ, որ սոցիալական ցանցերը պետք է փակել այս փուլում։ Սա հարցի լուծո՞ւմ է։

– Մենք կարող ենք հասկանալ մեր քաղաքացիների վրդովմունքը, որ սոցիալական ցանցերով տարբեր տեղեկություններ են տարածվում, որոնք կարող են որոշ չափով ազդել մարդկանց հոգեբանական վիճակի վրա։ Սակայն ես համոզված եմ, որ սոցիալական ցանցերն ամբողջությամբ արգելափակելը մեծ սխալ կլիներ, որովհետև ամեն դեպքում մեր համերկրացիների մեծամասնությունն այնտեղից և՛ ոգևորություն է ստանում, և՛ տեղեկատվության տարածումն ինչ-որ տեղ մարդկանց հանգստացնում է, անորոշությունների բացակայություն է լինում։ Այնպես որ, կրկնում եմ, հասկանալով մեր որոշ քաղաքացիների պահանջները՝ փակել սոցիալական ցանցերը, պետք է հասկանանք, որ դա իրավիճակի վրա հաստատ դրական ազդեցություն չի թողնի։

Իսկ ապատեղեկատվության դեմ պայքարի համար արդյունավետ մեթոդ է նախազգուշացումը, մեկ-երկու դեպքն անհանգստացնող չէ։ Մենք ունենք իրավիճակ, երբ հասարակության մեծ մասը վստահում է պաշտոնական տեղեկություններին, և կարիք չկա առաջին իսկ սխալի համար կոշտ միջոցներ ձեռնարկել լրատվամիջոցների կամ սոցիալական ցանցերի օգտատերերի նկատմամբ։

Բայց եթե մենք տեսնում ենք, որ հետևողական կերպով ապատեղեկատվություն է տարածվում, այդ դեպքում, այո՛, կարելի է և՛ կասեցնել գործունեությունը, և՛ ընդհանրապես արգելափակել տվյալ լրատվական աղբյուրի գործունեությունը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am