Հայաստանում դեկտեմբերին տնտեսությունն աշխուժություն է դրսևորել, սակայն տարվա կտրվածքով գրանցվել է նվազում

Հայաստանում տնտեսությունը 2020 թվականի դեկտեմբերին՝ հետպատերազմական իրավիճակում և համավարակի պայմաններում, նախորդ ամսվա համեմատ աշխուժություն է դրսևորել բոլոր ոլորտներում, սակայն տարվա կտրվածքով հնարավոր չի եղել խուսափել տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազումից:  Տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ աճել է 27.7 տոկոսով, սակայն հունվար-դեկտեմբերի ցուցանիշը 2019-ի համեմատ անկում է արձանագրել՝ 7.5 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Եթե արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020-ի դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ աճել է 14.4 տոկոսով, ապա 2020-ի հունվար-դեկտեմբերին 2019-ի համեմատ նվազել է 0.9 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-դեկտեմբերին 2019-ի նույն ժամանակի համեմատ աճել է 1.4 տոկոսով:

Շինարարության ծավալը 2020-ի դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ աճել է 77.7 տոկոսով, այնինչ՝ հունվար-դեկտեմբերի ցուցանիշը 2019-ի համեմատ նվազել է 9.5 տոկոսով: Առևտրի շրջանառությունում դեկտեմբերին 34.6 տոկոս աճ է գրանցվել նույն տարվա նոյեմբերի համեմատ, սակայն հունվար-դեկտեմբերի ցուցանիշը 2019-ի համեմատ նվազել է 14 տոկոսով: Իսկ մատուցված ծառայությունների ծավալը 2020-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 16.3 տոկոսով, իսկ 2020-ի հունվար-դեկտեմբերի ցուցանիշը 2019-ի համեմատ պակաս է 14.7 տոկոսով:

2020 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 3.4 տոկոսով,  արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.6 տոկոսով, իսկ հունվար-դեկտեմբերին 2019-ի համեմատ դրանք աճել են համապատասխանաբար 1.2 և 2.4 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 15.9 տոկոսով, իսկ հունվար-դեկտեմբերին 2019-ի հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 1.2 տոկոսով:

Եթե միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2020-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 24.3 տոկոսով, ապա հունվար-դեկտեմբերին 2019-ի համեմատ աճը եղել է 3.9 տոկոս՝ կազմելով 189 հազար 758 դրամ: Ընդ որում` հունվարի-դեկտեմբերին պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.3 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3 տոկոսով:

Թեև արտաքին առևտրաշրջանառության ծավալներում 2020-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ նկատվել է աճ՝ 21.3 տոկոսի չափով, սակայն հունվար-դեկտեմբերի ցուցանիշը 2019-ի նույն ժամանակի համեմատ, նվազել է 13.2 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 3.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 17.7 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-դեկտեմբերին եղել է 489.01: