Բրիտանական խորհուրդն անգլերենի 18 մասնագետի հանձնել է Քեմբրիջի համալսարանի TKT միջազգային թեստի վկայականներ` քննությունը հաջողությամբ հանձնելու կապակցությամբ։ TKT թեստը դասավանդման միջազգային որակավորում շնորհող մասնագիտական քննություն է։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը կատարած աշխատանքների համար շնորհակալություն է հայտնել բոլոր ուսուցիչներին և հիշեցրել, որ օրեր առաջ նշվել է Կրթության միջազգային օրը. «Այդ տոնի ամենակարևոր թեմաներից մեկը սովորող հերոսն էր:
Կարծում եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեր բոլոր ուսուցիչները հերոս են եղել. նրանք բախվել են բավականին մեծ մարտահրավերների՝ Covid-ը, իսկ հետո՝ նաև Արցախյան պատերազմը: Այս ընթացքում մեր ուսուցիչները կրթել են ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի բազմաթիվ երեխաների, և ես շատ բարձր եմ գնահատում նրանց ջանքերը»:
Փաստելով, որ Բրիտանական խորհուրդը ԿԳՄՍ հիմնական գործընկերներից մեկն է, և վերոնշյալ նախագիծը շատ կարևոր է, նախարարի տեղակալը շեշտել է, որ խոսքը ոչ միայն անգլերեն դասավանդելու, այլև համայնքներում փոփոխություններ բերելու, ուսուցիչների միջև կապ հաստատելու, մեթոդաբանության, դասավանդման մեթոդների մասին է.
«Այս ամենը շատ կարևոր է, հետևաբար մենք Բրիտանական խորհրդի հետ մտածում ենք այս տարի ուսուցիչների մասնագիտական զարգացման շրջանակն ընդլայնելու մասին: Ուրախ եմ, որ ունենք այս հաջողված փորձը և հետագայում ևս պետք է ջանք չխնայենք՝ ավելի լավ ուսումնական միջավայր և մեր ուսուցիչների համար ավելի լավ կրթական ծրագրեր ունենալու համար»:
Միջոցառման մասնակիցների թվում էին ուսուցիչների աշխատանքային խմբերի 12 համակարգող և 6 թրեյներ։ Այս խմբերը հիմնվել են Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող «Անգլերենի ակումբներ» ծրագրի շրջանակում և ծառայում են որպես փորձի և գիտելիքի փոխանակման հարթակ՝ հնարավորություն ընձեռելով առանձին բնակավայրի ուսուցիչների քննարկել նոր գաղափարներ, միասին օգտագործել իրենց դասավանդման փորձը և վերլուծել տեղական կարիքները:ծ
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։