«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը
– Տիկի՛ն Հովհաննիսյան, Մայր Աթոռում առավոտից լարված վիճակ էր, ոստիկանական մեծաթիվ ուժեր էին այնտեղ, ԱԱԾ-ն, որպեսզի Շիրակի թեմի առաջնորդին Քննչական կոմիտե տանեին: Ինչպե՞ս եք գնահատում իրավապահների գործողությունները, կատարվողն ընդհանրապես:
– Ի սկզբանե, տեսարաններ սարքելը վայրերում, որոնք ունեն նշանային նշանակություն Հայոց պատմության շրջանակներում, հայ ժողովրդի գիտակցության խորքերում, դա միայն իրավական գործընթացով հիմնավորել կամ ցուցադրել հնարավոր չէ, որովհետև մենք շատ խոր վերքեր ունենք, որոնք անմիջապես արթնանում են՝ հիշեցնելով պատմության ամենաարյունալի էջերը՝ Ցեղասպանություն, ստալինյան բռնաճնշումներ, երկուսի դեպքում էլ Եկեղեցին եղել է առաջին թիրախը:
Այս պարագայում անտեղի են դատարանից թուղթ ունենալու վկայակոչումները: Հիմնական խնդիր սա է: Այո՛, իրավական խնդիրները բազմաթիվ են, բայց եթե նույնիսկ իրավական գործընթացի տառը պահպանված լիներ մենք, միևնույն է, պետք է հասկանանք նշանային վայրերի հետ կապված խորքային, գիտակցական խնդիրները:
– Ձեր հիմնական մտահոգությունից զատ, որի մասին ասացիք, իրավական գործողություններն օրինաչափ համարո՞ւմ եք:
– Իրականում այս ամբողջ գործընթացն ի սկզբանե ուղեկցվել է օրինականության խախտմամբ՝ սկսած բառապաշարից, նախ՝ գործադիր իշխանության, որովհետև պատասխանատուն առաջին հերթին նրանք են: Ի սկզբանե քաղաքական իշխանությունը պատասխանատվության խորքային գիտակցում չի ունեցել, ու կոմունիկացիան բավական սխալ է ընթացել:
Իրավական տեսանկյունից՝ խախտելով նաև նախաքննության գաղտնիությունը և այլն, հանրային են դառնում ձայնագրություններ, այն պարագայում, երբ մենք որևէ դեպքով խնդրում ենք քննչական մարմիններին մեկնաբանություն ներկայացնել, երբ գործը քննության փուլում է, անմիջապես մերժում են, պատասխանելով, որ գործը նախաքննության փուլում է, ու նախաքննության գաղտնիքը հրապարակման ենթակա չէ, նույնիսկ այն անձանց համար, որոնք պաշտպանական կողմ են:
Այս ու այլ ենթատեքստերում մենք ունեցել ենք բազմաթիվ խախտումներ: Բայց ես այս պահին դրան չեմ ուզում անդրադառնալ, որովհետև մենք ավելի տրավմատիկ ու խորքային խնդրի ենք առնչվելու: Միշտ պետք է հաշվի առնել, թե որ տարածքում մենք ինչ գործողություն ենք իրականացնում:
– Տիկի՛ն Հովհաննիսյան, դուք ասում եք, որ գլխավոր պատասխանատուն իշխանությունն է, բայց իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե միտումնավոր են Միքայել Սրբազանին տարել Մայր Աթոռ, «որ հետո լալահառաչ տեսարաններ բեմադրեն, ասեն, թե հարձակում է եղել Մայր Աթոռի դեմ»:
– Անձն այդ շենքից դուրս էր գալու, ես գլոբալ եմ ասում, եթե իրենք այդքան խելացի են ու կանխատեսում են, թե ով ինչ միտումնավոր գործողություններ է կատարում, ուրեմն թող կանխատեսեն նաև, թե այդ գործողությունը ինչ բացասական հետևանք է թողնելու ժողովրդի գիտակցութան մեջ, ու ինչպիսի ճեղքվածք է դարձյալ առաջացնելու՝ առանց այն էլ ոչ համերաշխ հասարակության շրջանում:
– Ըստ ձեզ՝ կարո՞ղ է լինել, որ այս քայլերը, ակամա թե կանխամտածված, նպաստում են պառակտման խորացմանը։
– Կարող եմ ենթադրել, որ չմտածված է կամ, եթե մտածված է, ապա ինքնին տագնապ, ճեղքվածք հարուցող գործողություն է, ինչը միայն Հայաստանում բնակվողների համար չէ, որովհետև այն հոդվածները, որոնք գրվում են միջազգային մամուլում խոսույթի հետ կապված, որ արտաբերում է մեր երկրի առաջին դեմքը, արդեն իսկ սպառնալիք են մեզ համար միջազգային վարկանիշի տեսանկյունից:
Այս դեպքում վարկանիշին է միանում նաև նշանային փլուզվածք առաջացնելու միտումը, այսինքն՝ մենք միշտ ներկայանում ենք առաջին քրիստոնյա ժողովուրդ, հոգևոր մշակույթ ունեցող և այլն, ու այդ նշանային վայրերի հետ կապված ցանկացած գործողություն արդեն դուրս է գալիս ներքին քաղաքական, իրավական դաշտից: Այս մասին պարտավոր են մտածել երկրի անունից բանակցող, երկրի շահը ներկայացնող անձինք:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















