«Անիմաստ ու ոչինչ չասող կադրային փոփոխություններ անելու փոխարեն Փաշինյանը պետք է հանդես գա ժողովրդին ուղղված հայտարարությամբ, որտեղ հստակ պետք է ասի, որ հրաժարական է տալու». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ի՞նչ պետք է անի Փաշինյանը․ Ցանկացած գնով իշխանությունը պահելը եւ իշխանությունից կառչելը նրան պատիվ չի բերում։ Վերջին հաշվով նա 2018-ի Նիկոլն է։ Պետք է կարողանա այդ Նիկոլին գնահատել։ Գոնե մի քիչ փորձել նմանվել այդ Նիկոլին։ Պետք է մի կողմ դնի սեփական բացառիկության մասին ունեցած միֆը։

Բավական է, 2․5 տարի ապրել է այդ միֆով, կերակրել է դրանով իր շրջապատի մարդկանց։

Անիմաստ ու ոչինչ չասող կադրային փոփոխություններ անելու փոխարեն պետք է հանդես գա ժողովրդին ուղղված հայտարարությամբ, որտեղ հստակ պետք է ասի, որ հրաժարական է տալու, բայց պատասխանատվության իր չափը գիտակցելով խնդրում է տալ իրեն 5 ամիս, 6 ամիս, 9 ամիս ժամանակ (տրամաբանական ժամանակահատված), որը պետք է լինելու ընտրությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքների ընդունման եւ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար։

Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի անցնցում եւ իրավական։ Փաշինյանին ուժով հեռացնելու բոլոր փորձերը պետք է ձախողվեն։ Ամեն ինչ պետք է լինի ընտրությունների միջոցով։ Սեղանին մեր երեխաների ճակատագիրն է․ յուրաքանչյուրիս երեխայի»։