«Ես արտիստ եմ, ազատ թռչուն, որին հնարավոր չէ պահել վանդակում»․ Մարիետան՝ 74-ամյա արտիստը, որ երգում է փողոցում

Կարմիր շրթներկով, վառ դիմահարդարմամբ և արտիստի կեցվածքով Մարիետա Հակոբյանն ամեն առավոտ իրեն հարազատ դարձած ակորդեոնով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ՝ նվագելու, երգելու և դրա միջոցով անցորդներին իր մեջ եղած սիրուց բաժին հանելու համար։ Մարիետան վերջին տարիներին ապրում է ծերանոցում, սակայն այդ մասին չի սիրում խոսել: 

74-ամյա կինն ասում է՝ իր արվեստն օգնում է քսել կարմիր շրթներկը, ոտքի կանգնել, թոթափել ներսում եղած ցավը ու առաջ շարժվել: Մարիետայի երգացանկը բազմազան է՝ երգում է ֆրանսերենից մինչև իտալերեն, հունարենից մինչև ռուսերեն ու հայերեն։ Սիրում է կատարել հատկապես Պատրիսիա Կաասի, Ալ Բանոյի և Ադրիանո Չելենտանոյի երգերը։ 

Սակայն միշտ չէ, որ նա հաշտ է եղել փողոցում երգելու հետ, հոգեբանական բարդ փուլեր է հաղթահարել, մինչև ինքն իրեն կարողացել է համոզել՝ պիտի սկսի այդպես վաստակել։ 

«Փողոցում երգել սկսեցի, երբ որ ինձ հետ տարիներ առաջ երգող ընկերներիս Հյուսիսային պողոտայում տեսա։ Իրենց չէի էլ մոտենում, որ վատ չզգային։ Սկզբում չէի պատկերացնում, որ կարող եմ փողոցում երգել, արժանապատվությունս թույլ չէր տալիս, հետո արդեն սովորեցի։ Հիմա էլ երբեմն նեղվում եմ, որ էս վիճակում եմ փող աշխատում, բայց ես դա ամոթ չեմ համարում, գերադասում եմ էսպես աշխատել, քան որևէ մեկից պարտք անել»։ 

Մարիետա Հակոբյանի ամուսինը վաղուց է մահացել, երկու որդի ունի, որոնցից մեկը բնակվում է Ուկրաինայում, մյուսը՝ Ռուսաստանում։ Թեև որդիները Հայաստանում չեն բնակվում, այնուամենայնիվ, դեմ են, որ իրենց մայրը փողոցում երգի։ Ասում է՝ առաջ շատ էին բարկանում վրան, բայց արդեն սովորել են, էլ չեն կշտամբում։

«Փոքր տղաս՝ Հայկը, չէր հաշտվում, ասում էր՝ գործիքդ մի օր կջարդեմ, մամա՛, ես էլ պատասխանում էի՝ եթե ուզում ես ինֆարկտ ստանամ, ջարդի՛։ Հիմա իրանք էլ չեն խոսում, որովհետև հասկացել են, որ ես իմ կարիքները հոգում եմ, իրանց չեմ հարցնում»,– պատմում է Մարիետան և հավելում՝ նույնիսկ առողջական վիճակն իրեն չի խանգարում փողոցում երգել։

«Ես ոտքերի տրոմբ ունեմ, ու ինձ ոտքի վրա երկար կանգնել չի կարելի, բայց ես ամեն ինչ արհամարհում եմ, որովհետև չեմ կարող դրա պատճառով տանը նստել։ Հետո էլ՝ էստեղ բավականին լավ եմ վաստակում։ Օր ա լինում, որ մինչև 20․000 դրամ գումար եմ աշխատում»։

Մարիետային կարելի է ամեն օր հանդիպել Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցի դիմաց գտնվող նստարաններից որևէ մեկին։ Ասում է՝ տեղը հարմար է, շատ մարդիկ են անցնում-դառնում, անցորդներն էլ հիմնականում ջերմ են ընդունում իրեն, խոսքն ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների մասին է: Նրա խոսքով՝ իր հանդեպ բոլորն էլ առատաձեռն են, սակայն առանձնացնում է հատկապես ռուսներին: 

«Ճիշտ ա, հայերը հազարանոցներ ա որ տալիս են, բայց ռուսները մեկ էլ տեսար հազար ռուբլի են (մոտավորապես 5700 դրամ) տալիս, դե, որովհետև իրանց երգերն եմ երգում, դրա համար էլ ինձ շատ փող են տալիս ու ավելի առատաձեռն են»,– ասում է կինը։ 

Սակայն միշտ չէ, որ Մարիետայի բեմը եղել է փողոցը։ Ասում է՝ մասնագիտությամբ երգչուհի է, թատրոնի պարուհի և դերասանուհի։ Սկզբում սովորել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի երաժշտության ֆակուլտետում, ապա շարունակել ուսումը Հովհաննես Չեքիջյանի ակադեմիական կապելլայում, որտեղ էլ հենց հղկվել է որպես երգչուհի։ 

Հանդես է եկել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Երևանի դրամատիկական թատրոնում՝ արդեն որպես պարուհի, զուգահեռաբար նաև՝ «Հայհամերգ» համույթում։ Բացի հայաստանյան բեմերից, շրջագայություններով հանդես է եկել մի շարք երկրներում՝ Լեհաստանում, Չեխիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում և այլուր։

«Ելույթ եմ ունեցել Լուսինե Զաքարյանի, Արև Բաղդասարյանի հետ։ 1996 թվականին տեղափոխվել եմ Հունաստան, 3 տարի բնակվել եմ էնտեղ և, սովորելով հունարեն, մեր գուսանական, ինչպես նաև էստրադային երգերը թարգմանել եմ հունարեն։ ԱՄՆ-ում էլ եմ ապրել, բայց Հայաստանը ինչ-որ մագնիսական ուժ ունի, կարոտում էի շատ։ Էդպես ամեն ինչ թողեցի ու եկա, իսկ հետո արդեն ամուսնացա»։ 

Ասում է՝ որդիները շատ են խնդրել տեղափոխվել իրենց մոտ մշտական բնակության, սակայն երբեք չի համաձայնել, ֆինանսական աջակցությունից ևս հրաժարվել է՝ ինքն իր համար կարող է վաստակել։

«Ես վարձով ապրել եմ Էջմիածնում, հետո՝ Կոնդում, բայց հիմա վարձերը շատ են թանկացել, չկարողացա վճարեմ, դրա համար մի քանի ամիս առաջ տեղափոխվեցի ծերանոց»,– ասում է Մարիետա Հակոբյանը և հավելում՝ թեև ծերանոցում ամեն ինչ շատ լավ է, բայց էնտեղ ապրել չի կարողանում, ազատություն է ուզում, որն էլ հենց վերագտնում է փողոցում երգելով։ 

«Գիտե՞ք՝ իմ երգարվեստն ինձ օգնում ա, որ ես մոռանամ իմ բոլոր հոգսերը։ Տուրիստները որ գալիս են, ինձ նկարում են, ես որպես կին ինձ հավաքում եմ, որովհետև եթե ինձ մնար, էս մի պամադան էլ չէի քսի, չնայած որ ջահել ժամանակներս շատ էի սիրում քսվել։

Ես սիրով եմ ստեղ երգում, բայց պատահել ա, որ ինձ վիրավորել են, ու պատահել ա նաև, որ ափերիցս դուրս եմ եկել ու պատասխանել եմ, բայց հետո շատ եմ փոշմանել․ չէ՞ որ ես արվեստագետ եմ, ես երբեք չպիտի իջնեմ իրենց մակարդակին, չի կարելի»,– նշում է Մարիետան ու հավելում՝ իր ապրած կյանքից դժգոհ չէ, բայց կարող էր ավելի մեծ տեղերում լինել այսօր, եթե ժամանակին իրեն չսահմանափակեին և ազատ թողնեին։

«Լուսահոգի Հրաչյա Ղափլանյանն իմ տաղանդը գնահատում էր, ինձ Անուշի դերը տվեց Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունում, իսկ «Աստվածային կատակերգությունում»՝ Եվայի, բայց ամուսինս խանդոտ էր, թույլ չտվեց, որ խաղամ։

Իսկ մայրս իրավաբան էր, ինձ գրեթե փակի տակ էր պահում, եթե ինքն ինձ մի քիչ բաց թողներ, ես գուցե շատ լեզուներ սովորեի ու լրիվ այլ տեղերում լինեի։ Ես շատ գեղեցիկ էի, ինձ հրավիրում էին տարբեր ֆիլմերում նկարահանվելու, բայց մայրս թույլ չէր տալիս, իսկ հիմա թող գերեզմաններից տեսնի, որ էստեղ եմ երգում»,– պատմում է Մարիետան և նշում՝ իր կյանքն ամեն դեպքում քաղցր է եղել։

«Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս վայելել կյանքը, ջահելությունը, որովհետև տարիները շատ արագ են անցնում։ Ես էլ թեև ինձ երբեմն ծեր եմ զգում, բայց հոգով 20-25 տարեկան եմ, որովհետև եթե մի օր զգամ, որ հոգով էլ ծեր եմ, դա կլինի իմ վերջը»,– ասում է Մարիետա Հակոբյանը։

Անի Մարտիրոսյան

Տեսանյութը՝ Սոֆի Խաչատրյան

MediaLab.am