Ոչ պետական հաստատություններում սովորող շուրջ 10 հազար աշակերտների մոտ 68 տոկոսը վարձավճարի բարձրացման պարագայում չի հաճախի մասնավոր դպրոց․ հանդիպում նախարարությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուներին: Քննարկվել են կրթության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել ոլորտում նախանշվող հարկային քաղաքականության առնչությամբ:

Նախարարի տեղակալը նշել է, որ կրթության քաղաքականության արդյունավետության տեսանկյունից կարևոր է ֆինանսավորման ծավալների պահպանումը, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում կրթության ոլորտի համար ամբողջ աշխարհում դարձել է նոր մարտահրավեր և դիտվում է որպես կրթության զարգացման խոչընդոտ: Համավարակով և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ տնտեսական բարդ ժամանակաշրջանում համակարգի գործունեությանը չվնասելու նախապայմանը մեր երկրում ևս առաջնահերթ խնդիր է:

«Հատկապես այս պայմաններում կրթությունն ունի առաջնային նշանակություն հասարակության և պետության զարգացման համար: Ակնկալում ենք ձեզ հետ համագործակցությամբ ստանալ փաստարկված առաջարկություններ և հիմնավորումներ, որպեսզի դրանք հետագայում ներկայացնենք կառավարության քննարկմանը` ոլորտային արդյունավետ քաղաքականության համատեքստում»,- դիմելով ներկաներին՝ նշել է Ժ. Անդրեասյանը: Նա միաժամանակ շեշտել է, որ ներկա պահին որևէ նախագիծ չի շրջանառվում, և կրթության ոլորտի հարկային դրույքաչափերի փոփոխության որևէ կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել:  Սակայն, ըստ փոխնախարարի, նախատեսվող նախագծերի շուրջ այս փուլից քննարկումներ սկսելը կարևոր է դրանց մշակման ընթացքում կրթության ոլորտի խնդիրներն ու առանձնահատկությունները հաշվի առնելու տեսանկյունից։

Մասնավոր դպրոցների ներկայացրած նախնական հետազոտության համաձայն՝ ոչ պետական հաստատություններում սովորող շուրջ 10 հազար աշակերտների մոտ 68 տոկոսը վարձավճարի բարձրացման պարագայում չի հաճախի մասնավոր դպրոց, ինչը բացասական ազդեցություն կունենա ոլորտի վրա: Ընդգծելով, որ ոչ պետական դպրոց հաճախելը ծնողի և երեխայի սահմանադրական իրավունքն է, հանդիպման մասնակիցները կարևորել են մասնավոր և այլընտրանքային դպրոցների գործունեության միջազգային փորձի դիտարկումը, նաև ընդգծել, որ մեր երկրում այս ոլորտը զարգացել է` ապահովելով կրթական շերտերի մրցակցություն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդյունավետ լուծում գտնելու և խնդիրը շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետից դիտարկելու նպատակով ներկայացված առաջարկները քննարկել կառավարությունում:

Հանդիպման ընթացքում մասնավոր դպրոցների պատասխանատուները ներկայացրել են հարկային փոփոխության դեպքում հնարավոր սոցիալական հետևանքները, կարևորել ոչ պետական հաստատությունների տնտեսական նշանակությունն ու ներդրումը ոլորտում, ինչպես նաև բարձրացրել իրենց գործունեությանն առնչվող այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ