ԿԲ նախագահը կանխատեսում է վարկավորման տեմպերի որոշակի դանդաղում

ՀՀ կենտրոնական բանկը բանկային համակարգի գործընկերներից ստանում է ազդակներ, համաձայն որոնց բանկերը կարող են որոշակիորեն դանդաղեցնել վարկավորման տեմպերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում:

«Մենք ստանում ենք նաև ազդակներ՝ մեր բանկային համակարգի գործընկերներից, որ այս տարի բանկերի զգալի մասը միգուցե կփորձի փոքրացնել իր բալանսը, որի արդյունքում, ենթադրվում է, որ բանկերի կողմից միգուցե տեղի ունենա վարկավորման տեմպերի որոշակի դանդաղում»,-ասաց Գալստյանը:

Նա հիշեցրեց՝ 2020-ին Հայաստանն անցել է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի միջոցով, տնտեսությունում կան ճյուղեր, որոնք տուժել են՝ առավել քան մյուսները:

«Եվ ակնկալել, որ այդ ճյուղերի վարկավորումը տեղի է ունենալու այն նույն ծավալով ու նույն չափով, ինչ նախորդ տարիներին, բավականին լավատեսական է: Ուստի բանկերը, պրագմատիկ լինելով, կարծում են, որ այս տարվա ընթացքում բալանսների որոշակի վերանայում է տեղի ունենալու»,-ասաց ԿԲ նախագահն ու հավելեց, որ պետք է ջանքեր գործադրել, որ այդ թիվը հնարավորինս փոքր լինի:

Ըստ ԿԲ նախագահի՝ ամենակարևոր գործողությունը, որ կառավարությունը պետք է այս տարվա ընթացքում իրականացնի, տնտեսության ներուժային մակարդակին, աճին նպաստող կառուցվածքային բարեփոխումների իրականացումն է: Այսինքն՝ պետությունը պետք է ունակ լինի իրականացնել պետական ծախսումներ, հիմնականում պետական կապիտալ ծախսումներ: Ընդ որում, նախորդ  տարիներին կապիտալ ծախսումների մասով թերակատարումները չափազանց մտահոգում են ԿԲ-ին: