Ընդդիմությունը դժգոհում է ԱԺ արտահերթ նիստի օրակարգի նախագծերից՝ համարելով կեղծ օրակարգ

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն հասկանում արտահերթ նիստով կառավարության ներկայացրած նախագծերի քննարկման հրատապության իմաստը, կարևորությունը, կարծում են, թե այդ նախագծերով իշխանությունը փորձում է կեղծ օրակարգ ձևավորել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդդիմադիրները նման տեսակետ հայտնեցին ԱԺ արտահերթ նիստում:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացնելով օրակարգում ընդգրկված երկու հարցերից մեկը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը՝ մասնավորապես նշեց. «Նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է դատավորների թվաքանակի ավելացման և դրանով քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ինչպես նաև միջդատական քրեական վարույթի գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ»:

ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանը նշեց՝ նախագծերի հրատապ քննարկման անհրաժեշտության իմաստը չի հասկանում: Նա հավելեց, որ եթե բերվեր նախագիծ, օրինակ «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, բանակաշինության բնագավառում արմատական փոփոխություններ կատարելու մասին կհասկանար, բայց արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի հրատապությունը չի հասկանում: «Մեր այսօրվա առաջնահերթությունն անվտանգային խնդիրն է դարձել»,-ասաց պատգամավորը:

Բադասյանն արձագանքեց՝ 1.5 տարի է, ինչ քննարկվում է դատական համակարգի ծանրաբեռնվածության հարցը, ասվում է, որ համակարգը ծանրաբեռնված է, գործերի քննությունը երկար է տևում, ինչու կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում: «Հիմա մենք մոտ ենք այդ հարցը լուծելուն: Դրա համար էլ հրատապ է»,-ասաց նա:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի կարծիքով ևս՝ պետք է քննարկեին տեղահանված արցախցիների հարցերը, ռազմագերիներին օգնելու հարցերը և Արցախին առնչվող այլ կարևոր հարցեր: «Բայց այդ հարցերը չեն քննարկվում, որովհետև այս իշխանության համար կա շատ ավելի կարևոր օրակարգ՝ ինչպես ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների թիվը»,-նշեց նա ու հավելեց, որ իշխանությունն ԱԺ է բերում կեղծ օրակարգեր:

Ըստ նրա՝ ԱԺ նախագահը պետք է պատվիրակություն կազմեր, գնային օդանավակայան՝ տեսնելու, թե նախօրեին ինչ էր կատարվում այնտեղ: «Միայն երեկ Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը որոշ ավիաընկերություններ դարձրեցին 1050 դոլար»,-նշեց նա: