Ամփոփվել է «1102. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով (2020 թվականի հունվարի 31-ի N 62-Ա) հաստատված «Գրահրատարակչության ոլորտի նախաձեռնությունները քննող մասնագիտական խորհուրդը» ձևավորել է «1102. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2021 թվականին դրամաշնորհ ստացող ֆիզիկական անձանց ցանկը:

Ծրագրի իրականացման վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում (https://escs.am/am/news/6936) նախապես հրապարակվել էր համապատասխան հայտարարություն, որի հիման վրա ֆիզիկական անձինք՝ թարգմանիչները, հետազոտողները և ստեղծագործողները, ներկայացրել էին դրամաշնորհի հայտեր:

Այդ դրամաշնորհային ծրագրով ֆիզիկական անձինք աջակցություն են ստանում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհային աջակցությամբ ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով ծրագրի ավարտից հետո դրանք հրատարակվում են կամ հրապարակվում:

Դրամաշնորհ տրվում է հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.

ա) գեղարվեստական գրականության բոլոր ժանրերին,

բ) գրաքննադատությանը,

գ) համաշխարհային գրականության նշանակալի՝ մինչև 19-րդ դարի ավարտը ստեղծված երկերի թարգմանություններին:

Հետազոտական աշխատանքների գնահատման չափանիշներն են եղել՝ հայտարարված մրցույթին համապատասխանությունը, արդիականության հիմնավորումը, փաստական նյութի հետ աշխատելու կարողությունը, վերջնարդյունքի կարևորությունը:

Ստեղծագործական աշխատանքների գնահատման չափանիշներն են եղել գեղարվեստականությունը, ժանրային իրացումը, տեքստի կառուցման վարպետությունը, լեզուն և ոճը, ինքնատիպությունը:

Թարգմանական աշխատանքների գնահատման չափանիշներն են եղել կարևորության հիմնավորումը, թարգմանության գեղարվեստական որակները, լեզուն և ոճը, համարժեքությունը բնագրին:

«11002. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ ներկայացվել է 70 հայտ, որից աջակցություն է ստանում 19 ֆիզիկական անձ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով (2020 թվականի օգոստոսի 17-ի N 1045 Ա/2) հաստատված մրցութային կարգի համաձայն՝ վերջնական դրական գնահատականի արժանացած են համարվել այն հայտատուները, որոնց միջին գնահատականը բարձր էր 35-ից (առավելագույնը 50 միավորն է):

Նշյալ հրամանով հաստատված գնահատման թերթիկներում խորհրդի անդամները, եթե դրական են գնահատել հայտը, առաջարկել են նաև աջակցության չափ: Ի վերջո, անցողիկ գնահատական ստացած հայտատուի աջակցության գումարը հավասար է վերջինին դրական գնահատած հանձնաժողովականների առաջարկած գումարների միջինին, որոնց ավելացվել է նաև ԱԱՀ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։