Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, որում մասնավորապես նշվում է․

Մեծարգո պարոն Հարությունյան,

Իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու առիթով։

Տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններում Արցախի ժողովուրդն արտահայտեց իր քաղաքական կամքը՝ իրացնելով մրցակցային ընտրությունների միջոցով պետական կառավարման մարմիններ ձևավորելու իր անքակտելի իրավունքը:

Արցախի ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատեց իր հողի վրա ապրելու, ինքնակազմակերպվելու, աշխատելու և արարելու իր աննկուն կամքը: Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ Արցախն անկախ և ժողովրդավարական պետություն է՝ իր կայացած ինստիտուտներով և հասուն քաղաքացիական հասարակությամբ:

Արցախի Հանրապետության մեծարգո նորընտիր Նախագահ,

Դուք ստացել եք Արցախի ժողովրդի մանդատը՝ ամրապնդելու Արցախի անվտանգությունը, զարգացնելու տնտեսությունը և կառուցելու ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա հիմնված հասարակություն:

Այս նպատակին հասնելու համար Դուք որդեգրել եք պետական կառավարման համակարգի, տնտեսական, քաղաքական, դատաիրավական, հանրային կյանքի այլ ոլորտներում խորը և համակարգված բարեփոխումներ իրականացնելու օրակարգ՝ և այս գործընթացում կարող եք հույս դնել Հայաստանի կառավարութան և անձամբ իմ աջակցության վրա։

Ձեզ և Արցախի հերոսական ժողովրդին մաղթում եմ հաջողություն, բազմաթիվ ձեռքբերումներ, որին համոզված եմ՝ կկարողանանք հասնել մեր լավագույն ջանքերը մեկտեղելով։