Հայաստանում կստեղծվի միասնական սոցիալական ծառայություն՝ 4 մարմինների միավորմամբ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել միասնական սոցիալական ծառայության մարմին՝ գործող 4 կառույցների հիմքի վրա: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 99 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

Նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում կառավարության որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հիշեցրել էր, որ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականություն, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա:

Գործող կարգավորումներով նախատեսված է եղել 2021-ի ապրիլի 1-ից ներդնել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ՝ մասնավորապես, ստեղծելով ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ՝ սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմիններից 3-ի՝ նախարարության բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության գործակալությունների ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության բաժինների հիմքի վրա:

Սակայն վերջինիս կազմում  նախատեսված չի եղել ներառել նախարարության ենթակա մարմինը՝ սոցիալական ապահովության ծառայությունը, որը նախատեսված էր անել հաջորդ փուլում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է բոլոր 4 կառույցները միանգամից միավորել և ստեղծել միասնական սոցիալական ծառայություն՝ գործող սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում պատգամավորներն արել են առաջարկներ, որոշներն ընդունվել են: Բովանդակային էական փոփոխություններ չեն իրականացվել: Նախարարը վստահեցրեց, որ նախարարության ամենօրյա աշխատանքները միտված են նրան, որ օրենքը լինի ոչ թե զուտ կառույցների միավորման իրավական փոփոխություն, այլ տեղի ունենա իսկապես բովանդակային փոփոխություն: