Հրդեհ Վանաձոր քաղաքում

Փետրվարի 5-ին, ժամը 15։50-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի 5 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սուխումի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի միջանցքում։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և բնակչին (Մ․ Գ․, ծնված 1968 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Մ․ Գ․-ն հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկ­ները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։22-ին, մարել՝ 16։28-ին։ Այրվել են միջանցքի առաստաղից 3 քմ հատված, ինչպես նաև լոգարանի և սանհանգույցի դռները։