Արցախի դատախազության աշխատանքային խումբն ընթացք կտա տեղահանվածների իրավունքների խախտման դիմումներին

Արցախի Հանրապետության դեմ 2020թ․ սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների ու  հանցավոր դեպքերի վերաբերյալ՝ դիմումների, հաղորդումների, գրանցումն ու ընթացքավորումը համակարգելու նպատակով՝  Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի  հրամանով  ստեղծվել է աշխատանքային խումբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Գլխավոր դատախազությունից:

«Համաձայն հրամանի` ստեղծված աշխատանքային խումբը զբաղվելու է նաև մամուլում տարածված կամ կապի միջոցներով ստացված տեղեկությունների ուսումնասիրությամբ:

Խմբի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, իսկ խումբը կղեկավարի գլխավոր դատախազի տեղակալ Նարեկ Հարությունյանը:

Խմբում ներգրավված են գլխավոր դատախազության բաժինների պետեր, քաղշրջդատախազներ»,- հայտնում են Արցախի Գլխավոր դատախազությունից:

Ըստ աղբյուրի, հաղորդումների քննարկման արդյունքները և կայացված որոշումները՝  օպերատիվ կերպով կլուսաբանվեն ինչպես դատախազության պաշտոնական կայքէջում, այնպես էլ՝ զանգվածային լրատվամիջոցներով: