«Ռուսերենին տալով պաշտոնական կարգավիճակ՝ Արցախում պաշտոնական գրագրությունը կդադարի իրականացվել հայերենով»․ Միքայել Նահապետյան

ՔՈ անդամ Միքայել Նահապետյանը գրել է․

«Ռուսերենին տալով պաշտոնական կարգավիճակ՝ Արցախում պրակտիկորեն անմիջապես պաշտոնական գրագրությունը կդադարի իրականացվել հայերենով, հետո քաղաքականության լեզուն էլ կդառնա ռուսերենը: Ռուսերենը կդառնա նաև ամենաորակյալ դասավանդվող լեզուն՝ տնտեսությունից ու հայերենի իմացություն պահանջող աշխատատեղերից զուրկ Արցախում ուր աշխատատեղ ապահովող եզակի կազմակերպությունները՝ պետական ապարատն ու բանակը կառավարվելու են ռուսերենով:

Եվ աստիճանաբար հայերենը կդառնա «բոսյակների լեզու», որով հայհոյում են խմած ժամանակ ու երբեմն պատմում են անեկդոտներ հայի, թուրքի ու վրացու դառը բախտի մասին: Երբ «էլիտաների» ու «մասսաների» լեզուն անդառնալիորեն առանձնանում են իրարից՝ փլուզումը զուտ ժամանակի հարց է դառնում: Էսպես են կորչում ազգերը աշխարհի քարտեզից»։