Հեղափոխության համեստ մանկավարժների 1.5 տրիլիոն դրամը, կամ հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է, որը չկա

Նիկոլ Փաշինյանը Գավառում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում կրկին անդրադարձավ դպրոցների և մանկապարտեզների անորակ շինարարությանը և հայրենասիրության իր պատկերացրած մոդելին:

«Շատ հաճախ հայրենասիրությունը հասկանում ենք այն, որ ոտքի ենք կանգնում սեղանի շուրջ, կենաց խմում և հետո գնում ենք անում մեր աշխատանքը։ Եվ մեր մոտ հարց չի ծագում, թե ի՛նչ որակով ենք անում այդ աշխատանքը. այստեղ է ֆունդամենտալ պրոբլեմը, ինձնից սկսած, շինարարով ավարտած։ Վերջերս «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ մի միտք հնչեց, որ հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է, դա ինձ շատ դուր եկավ»,- նշեց Փաշինյանը:

Ինչ խոսք, ճիշտ խոսք է, եթե այն արտահայտեր ընդդիմադիր Փաշինյանը տարիներ առաջ, որը որևէ կերպ չէր մասնակցում կառավարության ձևավորմանը և որևէ լծակ չուներ մերիտոկրատական կառավարություն ձևավորելու գործում, որտեղ իր իսկ նշած պրոֆեսիոնալ կառավարիչները կկատարեին որակյալ աշխատանք՝ ապահովելով իրապես տպավորիչ արդյունքներ: 

Իրականությունն այն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանն է այն մարդը, որը նշանակում է տարբեր նախարարների, որոնք էլ պատասխանատու են կառավարության ծախսած հսկայական ֆինանսական ռեսուրսների արդյունավետության համար, և անձամբ պատասխանատվություն է կրում իր նշանակած նախարարների կատարած աշխատանքների համար: 

Իհարկե կարելի է նշել, որ Փաշինյանը և իր կառավարության անդամները քաղաքական գործիչ են և պարտավոր չեն նեղ մասնագետ լինել, սակայն առնվազն հասկանալ, թե ի՛նչ է կառավարումը, ի՛նչ են ֆինանսները, ինչպե՛ս են աշխատում համակարգի տարբեր օղակներ, ունե՞ն արդյոք թիմի անդամները մասնագիտական բավարար հմտություններ պահանջվող աշխատանքներ իրականացնելու համար՝ նրանք պարտավոր են:

Սակայն իրականությունն այն է, որ Փաշինյանի կառավարման ընթացքում նախարարությունների կամայական վերաձևափոխումների, ղեկավարների պարբերական փոփոխության, կադրերի հոսունության բարձրացման պատճառով միջին օղակներում իսկական քաոս սկսվեց, ինչն էլ բերել է այսօրվա բարձիթողի վիճակին, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն արդարացիորեն հայտարարեց, որ ինքը և կառավարության անդամները շատ մեծ սթրեսի մեջ են:

Սակայն այդ սթրեսից դուրս գալու ճանապարհին ՀՀ վարչապետը պարտավոր է առավել իրատեսորեն գնահատել իր կառավարության կառավարման հմտությունները և փորձը:

Ակնհայտ է, որ մի շարք նախարարներ անկախ նրանից, որ չունեն մասնագիտական կրթություն, չունեն նաև կառավարման որևէ փորձ, իսկ շատերի աշխատանքային փորձը սահմանափակվում է կամ հասարակական կազմակերպություններում պատասխանատվություն չենթադրող որոշակի փորձագիտական աշխատանքներով, կամ ուսուցչական և մանկավարժական ստաժով, ինչը, բնականաբար, հրաշալի կոչում է մատաղ սերնդի կրթման առումով, սակայն ակնհայտորեն բավարար չէ միլիարդավոր բյուջեներով կառույցներում ճիշտ որոշումներ կայացնելու համար:

Բավական է նշել, որ մինչև հեղափոխությունը համեստ մանկավարժներ և կառավարման գրեթե զրոյական փորձառություն ունեցող՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ղեկավարմանը 2023 թվականին հատկացվել է գրեթե 1.5 տրիլիոն դրամ գումար, որի մեջ է մտնում նաև չարաբաստիկ ցնցուղի համար տրամադրված 72 000 դրամը:

Ստեղծվել է մի զավեշտալի իրավիճակ. այսօր Հայաստանում գրանցված առևտրային կազմակերպությունների միայն աննշան մասն է մասնակցում պետական գնումների գործընթացին, որոնց մեջ գերակշռող են նախկին իշխանությունների հետ առնչվող բազմաթիվ նախկին կամ ներկա պաշտոնյաներ, որոնք երկար տարիներ լինելով պետական կառավարման համակարգում, լավագույնս իմանալով գնումների հետ կապված բոլոր սողանցքները և պետության վրա անորակ ապրանքներ իրացնելու գործիքները՝ հսկայական գերշահույթներ են ապահովում պետությանը վաճառվող ապրանքների և ծառայությունների իրացումից: 

Փաշինյանն ավելի լավ կանի, որ ոչ թե անձամբ ստուգի կախիչի կամ ցնցուղի գինն ու որակը, այլ ստուգի այն մարդկանց, որոնք ներկայացնում են տարբեր պայմաններ և տեխնիկական բնութագրեր գնումների համար և, որ ամենակարևորն է, ընդունում են այդ աշխատանքները:

Հավատացած ենք, անակնկալների պակաս չի լինի:

Մարի Ներսեսյան 

MediaLab.am