«Ընդդիմության հանրահավաքների շարքը կարելի է գնահատել իշխանության վստահության հանրաքվե». Հովիկ Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը

Պարո՛ն Աղազարյան, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշում է կայացրել կրկին ներկա գտնվել խորհրդարանի լիագումար նիստերին։ Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր գործընկերների այս որոշմանը։

– Բնականաբար, դրական եմ վերաբերվում այդ որոշմանը, որովհետև, ես կարծում եմ, որ ընդդիմությունը իշխանության կարևոր մաս է կազմում, հետևաբար խորհրդարանի աշխատանքներից իր բացակայությունը բացասական է ազդում այդ աշխատանքների վրա, քիչ թե շատ՝ դա այլ խնդիր է, բայց որ բացասական է ազդում՝ միանշանակ է։

– Իսկ արդյունավետ աշխատանք կլինի՞, որովհետև, խմբակցությունից նշում են, որ իրենք իշխանության հետ չեն գա, օրինակ՝ սնդիկի մասին օրենք քննարկեն։

– Դե հիմա դա իրենց խնդիրն է, եթե որևէ օրինագծի հետ կապված գտնում են, որ ասելիք չունեն, կամ գտնում են, որ այդ օրինագիծը պատեհ չէ այժմ քննարկել, կարող են և չմասնակցել, դա իրենց իրավունքն է։

– Խորհրդարանի աշխատանքներն էլի բո՞ւռն են անցնելու՝ փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, թե՞ երկուստեք վերադառնալու եք քաղաքական բանավեճի դաշտ։

– Լավ կլինի, որ բանը անձնական վիրավորանքի մակարդակի չհասնի, որովհետև դա հարիր չէ խորհրդարանի ստատուսին, բայց, դե, բոլոր դեպքերում, մարդ ենք, ու յուրաքանչյուրս էլ կարող ենք պահի տակ բորբոքվել ու վիրավորական բաներ ասել, բայց կարևորն այն է, որ դա չունենա շարունակական բնույթ։ Պետք չէ վերադառնալ այդ մակարդակին, որովհետև պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում, եթե երկկողմանի լեքսիկոնից հանենք այդ հայհոյախառն արտահայտությունները, ապա մնացածն ինձ համար շատ-շատ ընդունելի իրավիճակ է եղել, ու հակասությունների միասնությունով կամաց-կամաց մենք առաջ ենք գնում։

– Պարո՛ն Աղազարյան, ըստ ձեզ՝ ինչո՞ւ ընդդիմությունը որոշեց վերադառնալ խորհրդարան։

– Իրենք տևական ժամանակ փորձում էին փողոցային պայքարի միջոցով իրենց անհանգստությունն արտահայտեին ժողովրդի մոտ, որպեսզի ստեղծեին մի վիճակ, որի հետևանքով կլիներ իշխանափոխություն, արդյունք չտվեց, որովհետև ժողովրդի ճնշող մեծամասնությունը չկիսեց այդ անհանգստությունները, հետևաբար պետք էր փոխել մարտավարությունը։

– Իսկ խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ դաշինքը, ըստ ձեզ, ինչո՞ւ դեռ նման որոշում չի կայացրել։

– Հիշելով անցյալում հնչեցրած իմ գնահատականներն այդ երկու դաշինքի վերաբերյալ՝ պետք է ասեմ, որ «Պատիվ ունեմ» դաշինքը տարբերվում է «Հայաստան» դաշինքից և՛ լիդերի՝ Սերժ Սարգսյանի անձով պայմանավորված, և՛ իրենց անհատներով պայմանավորված։ «Հայաստան» դաշինքում Ռոբերտ Քոչարյանն է ու վերջ, և որոշումները կայացնում է նա։ Իմ գնահատականը սա է, գուցեև սխալվում եմ։

– Թեև «Պատիվ ունեմ»-ը վերադառնում է խորհրդարան, սակայն փողոցի միջոցով ձեզ իշխանությունից հեռացնելու մտքից չեն հրաժարվում ու կշարունակեն նաև այդ ուղղությամբ աշխատել։ Հաջողելո՞ւ են։

– Հաջողելու նախադրյալներ չեմ տեսնում, բայց որ դա ճիշտ մարտավարություն է՝ միանշանակ է, օգտագործել խորհրդարանի ամբիոնն ու նաև փողոցային պայքարով փորձել արդյունքի հասնել՝ հենց սկզբից էլ պետք է այդպես անեին։

– Ուզում եք ասել՝ «Պատիվ ունեմ»-ը իր սխալներից հետևություննե՞ր է արել։

– Ես դժվարանում եմ ասել, որ այդ սխալներն անհասկանալի էին, ո՛չ, իրավիճակն էր այնպիսին, որ յուրաքանչյուրը փորձում էր լուծում գտնել ստեղծված ծանր վիճակից, իրենք էլ այդ տարբերակով էին փորձում գալ իշխանության ու ծառայեն հայրենիքին և, ըստ իրենց, թույլ չտան, որպեսզի մենք ավելի դժվար վիճակի հասցնենք երկիրը, բայց, նորից եմ ասում, իրենց այդ հանրահավաքների շարքը, ըստ էության, կարելի է գնահատել իշխանության վստահության հանրաքվե, ինչ-որ իմաստով կարելի է դա հենց այդպես ընկալել։ Վերջին հաշվով, դա պետության համար իր արդյունքը տվեց՝ պահպանվեց կայունությունը։

– Պարո՛ն Աղազարյան, իսկ հիմա Հայաստանում խնդրահարույց իրավիճա՞կ չէ, ինչպես ձեր խոսքում ասացիք, այն ժամանակ յուրաքանչյուրն իր ձևով էր փորձում իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել, հիմա չկա՞ դրա անհրաժեշտությունը։

– Իհարկե դժվար է, այդ դժվարության աստիճանը մի միլիմետր անգամ չի էլ իջել, լարվածությունն է որոշ չափով թուլացել, բայց դժվարությունների մակարդակը նույնությամբ պահպանվում է, հետևաբար ես չեմ համարձակվի ասել, որ ամեն ինչ հետևում է։

– Որ դժվարության աստիճանն անփոփոխ է, արդյոք դա չի՞ խոսում իշխանության գործողությունների թերացման մասին։

– Չէ՛, իշխանության գործողությունները մղված են լարվածության թուլացմանը, որտեղ միանշանակորեն կարող եմ ասել, որ ունենք հաջողություն, բայց խնդիրներն Ադրբեջանի հետ դեռ լուծված չեն։ Երբ այդ լարվածության թուլացումը կբերի խնդիրների լուծման, դա կլինի շոշափելի արդյունք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am