Հայաստանում կորոնավիրուսի դեմ կկիրառվեն Sputnik V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները նախատեսվում է սկսել մարտին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ պատվաստումները կիրականացվեն կամավոր հիմունքներով, իսկ դեղամիջոցը ռիսկային խմբերի քաղաքացիների համար կլինի անվճար: «Հայաստանում փոքր թվով պատվաստանյութեր արդեն օգտագործվել են. մասնավորապես, մի քանի մարդ պատվաստվել է Ռուսաստանի Դաշնությունից նվեր ստացած «Sputnik-V» դեղամիջոցով: Մոտ ապագայում Հայաստանն ավելի շատ դեղամիջոցներ կստանա ու կկարողանա սկսել պատվաստումները բնակչության ավելի լայն շրջանակների համար: Ռիսկային խմբերի մարդիկ կկարողանան պատվաստանյութն անվճար ստանալ, իսկ թե որքան կարժենա պատվաստանյութը մյուս քաղաքացիների համար, դեռ հայտնի չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ կառավարությունը կներմուծի միայն այն պատվաստանյութերը, որոնք հաջողությամբ անցել են կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: «Մասնագետների խումբը կգնահատի դրանց արդյունավետությունը, կողմնակի ազդեցությունների ռիսկը, արժեքն ու կտա իր եզրակացությունը դրանց օգտագործման նպատակահարմարության մասին: Մինչ այժմ մասնագիտական հանձնաժողովը` փորձագետները, հաստատել են AstraZeneca-ի և Pfizer-ի, ինչպես նաև ռուսական Sputnik-ի պատվաստանյութերի օգտագործումը: Միայն Pfizer-ի մասով ջերմային ռեժիմի ապահովման հետ կապված հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն: Իսկ Հայաստանի կողմից ներմուծվող պատվաստանյութերի քանակը կախված կլինի մի քանի գործոնից, այդ թվում` դրանց արժեքից ու նրանից, թե որքան գումար կարող է պետությունը հատկացնել դրա համար»,- ասաց նա: