Արփինե Հովհաննիսյանը խեղաթյուրում է անդամահատված զինծառայողների թիվը. Fip.am

«Դիմելու եմ դատարան յուրաքանչյուր մեկնաբանության եւ գրառման համար».  Արփինե Հովհաննիսյանը՝ վիրավորական գրառումներ կատարողներին
«Դիմելու եմ դատարան յուրաքանչյուր մեկնաբանության եւ գրառման համար».  Արփինե Հովհաննիսյանը՝ վիրավորական գրառումներ կատարողներին
ՍԽԱԼ

Ընդդիմության՝ փետրվարի 22-ի երթի ընթացքում արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատերազմից հետո շուրջ 10 հազար մարդ անդամահատվել է. «Դուք ով եք, Ձեզ քիչ ա 5000 հոգուն, որ զոհեցիք, 10 հազար հոգուն, որ անդամահատեցիք, 100 հազարներին, որ տնավեր թողեցիք․․․»։

Արփինե Հովհաննիսյանի այս հայտարարությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։ 

Անդամահատված զինծառայողների վերաբերյալ տվյալներ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փոխանցել էր դեռ հունվարի վերջին։ Ըստ Ավինյանի՝ անդամահատման խնդիր ունեցողների թիվը չի գերազանցում 150-ը։ Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ պրոթեզավորման կարիք ունի 120-130 անձ։ Նշենք, որ անդամահատումը կամ ամպուտացիան մարդու մարմնի մասի, օրինակ՝ ձեռքի կամ ոտքի հեռացումն է՝ վիրահատական միջամտությամբ։

Հայաստանի կառավարությունը հոգում է զինծառայողների՝ վերին և ստորին վերջույթների պրոթեզավորման ծախսերը։ Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ դիմելուց անմիջապես հետո կազմակերպվում է պրոթեզավորման գործընթացը: Պրոթեզները տրամադրվում են՝ կախված ամպուտացիայի մակարդակից և պրոթեզի տեսակից:

Նշենք, որ ըստ Գլխավոր դատախազության տվյալների, վիրավորում ստացած զինծառայողների թիվը չի անցնում 10 հազարից․ պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ: Վերջին տվյալներով՝ պատերազմի զոհերի թիվը 3577 է։

Այսպիսով, Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը, թե պատերազմի ընթացում 10 հազար զինծառայող է անդամահատվել, իրականությանը չի համապատասխանում։