ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության Հրապարակից մեկնարկած քայլերթի ժամանակ նշել է, որ իրենք այս տարիների ընթացքում հավատարիմ են եղել սիրո և համերաշխության մոտեցումներին: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը, երթի ընթացքում Հանրային Հեռուստաընկերությանը տված մեկնաբանությունում ընդգծել է, որ եղբայրությանն ավելի մեծ նշանակություն են տվել, քան ոմանց պատժելու անհրաժեշտությանը:
«Այդ օրերի հետ կապված (խմբ. 2018 թվականի հեղափոխության օրերը) որևէ վատ հիշողություն չունեմ, որովհետև, փառք Աստծո, ի վերջո միասնությունը և համերաշխությունը հաղթեցին: Դա կարևոր է:
Այն ոստիկանները, իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք այդ օրն ինձ առևանգելու օպերացիային մասնակցել էին, այսօր էլ շարունակում են ծառայել: Ես դժգոհ չեմ, որ մենք բոլորին հնարավորություն տվել ենք, որ մենք փորձել ենք եղբայրությունը վերականգնել: Եվ մենք եղբայրությունը վերականգնելիս ենք ձախողվել:
Այդ թավիշը, որ ասում են… մենք երևի այդ եղբայրությանն ավելի մեծ նշանակություն ենք տվել, քան ոմանց պատժելու անհրաժեշտությանը: Ժողովուրդն այդ առումով երևի մեծ հիասթափություն ունի, միևնույն է չեմ փոշանում: Մենք խոստացել էինք հրապարակում, որ սիրո և համերաշխության հեղափոխություն է լինելու: Մենք հավատարիմ ենք մնացել դրան»,-հավելել է ՀՀ վարչապետը: