«Փաշինյանի ամենավատ ծառայությունն էն է էս ժողովրդին, որ ձևավորվել է մտածողություն, թե այս ազգը ունակ չէ ինքնակառավարման, վատերն ու ավելի վատերն են». Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Հետաքրքիր է, էլի, դուք դեռ շարունակում եք Նիկոլ Փաշինյանին վստահել և իր գործածած ձևակերպումներն օգտագործել, տիրաժավորել և հանրությանը վախեցնել «ռազմական հեղաշրջում» արտահայտությամբ։

Առնվազն կարող էիք բացել Վիքիպեդիան ու կարդալ, թե ինչպես է բնութագրվում «ռազմական հեղաշրջում» եզրույթը։ Ռազմական հեղաշրջում (հաճախ նաև՝ Պուտչ), պետության ղեկավարի, կառավարության բռնի փոփոխություն, որին որոշիչ մասնակցություն են ունեցել զինված ուժերը:

Որպես կանոն, ռազմական հեղաշրջումից հետո իշխանության է գալիս զինվորական կառավարությունը: Այդպիսի կառավարություններն առավել հաճախ բնորոշվում են «խունտա» բառով, որը իսպաներեն «junta» բառից թարգմանաբար նշանակում է միավորում: Իսպանախոս երկրներում ռազմական հեղաշրջումն անվանվում է «պռոնունսիամենտո»:

Մասնագիտական գրականության մեջ ռազմական հեղաշրջումը իր բնույթով և ձևակերպումներով էապես տարբերվում է պետական, պալատական հեղաշրջումներից, հեղափոխությունից և հակահեղափոխությունից, ինչպես նաև զինված ապստամբությունից և խռովությունից։

Նաև, եթե նման փորձ է կատարվել, ապա որտե՞ղ են իրավապահ համակարգի արձագանքները, դատախազության կայքում կա միայն հայտարարություն, որը վերաբերում է իրավիճակային զարգացումների ռիսկերին։ Ոչ մի քրեական գործի հարուցման մանսին նույնիսկ հղում չկա։

Եվ շատ վիրավորորական է, որ հայաստանյան մասնագիտական բազմաթիվ խմբեր պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն ոչ մի արձագանք չեղավ նրա կողմից, միայն հղում է անում ամորֆ ժողովրդին, կարծես նույն ժողովուրդը չի բաղկացած հենց այդ խմբերից։ Հա, մեկ էլ Փաշինյանին փրփուրը բերանին պաշտպանելու ընթացքում հիշեք, թե հեղափոխության որ մի արժեքն է պաշտպանել, ո՞ր ոլորտում է անարդարությունը վերացրել։

Հիշեք, թե ինչպես է գաղտնի հրամանագրով բարձրացրել կառավարության անդամների աշխատավարձը, երբ երկրում աղքատությունը լրջագույն սպառնալիք է, ինչպես է համահարթ հարկման մասին օրենք մտցրել, մեծացնելով անարդար հարկման մոտեցումը, ոնց է պատերազմի տարել երկիրը, խաղաղության քողի տակ կեղծ մանիպուլյացիաներ անելով՝ չունենալով խաղաղության վերաբերյալ որևէ պատկերացում և օրակարգ։

Հիմա կասեք, թե փողոցում իրենից վատերն են, բայց փողոցում կանգնածներին մենք աշխատավարձ չեք տալիս, որ մեր շահերը սպասարկեն, իսկ վարչապետին տալիս եք ու լիիրավ ենք պահանջել նրանից որակյալ աշխատանք։

Նիկոլ Փաշինյանի ամենավատ ծառայությունն էն է էս ժողովրդին, որ ձևավորվել է մտածողություն, թե այս ազգը ունակ չէ ինքնակառավարման, վատերն ու ավելի վատերն են։ Միայն կա անցյալ և ներկա։Չէ, մարդկություն ջան, Հայաստան երկրի ժողովուրդն ունի նաև ապագա, ու դրա մասին անընդհատ պետք է խոսել։