Աշտարակի քրեական հետախույզները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է․ Տեսանյութ

Փետրվարի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստանալուն պես հայտնաբերեցին ու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Օհանավան գյուղի երկու բնակչի։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ 31-ամյա տղամարդու խուզարկությամբ էլ նմանատիպ զանգվածով կաթուցիչ հայտնաբերվեց։ Նրա մեքենայի զննությամբ նույնպես մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց՝ 31 գրամից ավելի քաշով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածներից 31-ամյա տղամարդը թմրամիջոցը ձեռք էր բերել մյուսից։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից։