«Այս ծանր ժամանակահատվածում հայ կանայք մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենք հասարակության ոչ միայն գեղեցիկ կեսն են, այլև հիմքն ու ոգեշնչող շարժիչ ուժը»․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ․

Սիրելի կանայք և աղջիկներ,

Շնորհավորում եմ Ձեզ այս հրաշալի գարնանային տոնի՝ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ցանկանում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ։

Այս ծանր ժամանակահատվածում հայ կանայք մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենք հասարակության ոչ միայն գեղեցիկ կեսն են, այլև հիմքն ու ոգեշնչող շարժիչ ուժը՝ ամուր ու զուսպ առաջնագծում և թիկունքում, պատրաստ կրելու բոլոր դժվարությունները մեր փառապանծ այրերի հետ հավասար:

Այսօր մեր մայրերի, կանանց ու քույրերի կորստի ցավն ամոքելը բոլորիս պարտքն է։ Ուժ և համբերություն նրանց, երբեք չմոռանանք ու միշտ պահենք սիրո և հոգածության կենտրոնում։

Դիմելով առողջապահության ոլորտի կանանց՝ ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ հպարտանում եմ Ձեզնով, Ձեր կարողություններով, մասնագիտական հմտություններով ու նվիրվածությամբ, ամենածանր պայմաներում գեղեցիկ կին և մարդ մնալու Ձեր արվեստով։

Մաղթում եմ բոլոր հայ կանանց լինել պաշտպանված, ունենալ հավասար հնարավություններ՝ ապրելու, կրթվելու, զարգանալու, ինքնադրսևորվելու, և արժանվույնս գնահատվել։