Ցավում եմ, որ մեր ժողովուրդը, որ հանգիստ իր գործով էր զբաղված, այսօր ալեկոծված է. Տավուշի մարզպետ. Տեսանյութ

Մամուլում երեկվանից տեղեկություններ են տարածվում, թե Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ադրբեջանցիները սահմանային չափագրումներ են կատարում. սա ևս ապատեղեկատվություն է: Մարզպետը վստահեցնում է՝ կյանքը Տավուշում ընթանում է բնականոն հունով: Սահմանին էլ աննախադեպ հանգստություն է, որևէ պատճառ չկա անհանգստանալու՝ «Լուրերին» հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հավելելով՝ նման կեղծ ինֆորմացիայի տարածումն անհետևանք չպետք է մնա:

«Ցավում եմ հատկապես դրա համար, որ մեր ժողովուրդը, որ հանգիստ իր գործով էր զբաղված, այսօր ալեկոծված է: Իհարկե, երեկ մենք փորձեցինք առավելագույնս հանդարտեցնել ժողովրդին և մեր պատասխանը հնարավորինս հստակ և ճշգրիտ ձևով տալ էդ մարդկանց, ովքեր այդ խժդժությունները ուղղակի գցել էին ամբողջ մեդիադաշտ, բայց կարծում եմ, որ սա չի կարող անհետևանք լինել», -ասել է մարզպետը: