Հասարակության անպաշտպանը՝ ուսուցիչը

Վահրամ Թոքմաջյան

Երևանի դպրոցներից մեկում ծնողն ապտակել է ուսուցչուհուն: Նախնական տեղեկություններից կարող ենք ենթադրել, որ հերթական՝ բռնությունն ու նվաստացումն արդարացնելու փորձ անող անմիտ հարցադրում-պնդումը՝ «մի բան արել ա, որ խփել են», սույն դեպքում կիրառելի չէ: 

Այս գործողությունն առաջինը չէ և ոչ էլ վերջինն է լինելու: Սա այն փակ շղթայի արտացոլումն ու մարմնավորումն է, որն ունենք մեր օրերում: 

Պատկերացրեք` ցանկացած կիսազարգացած երկիր, որտեղ ինչ-որ ծնող կմտներ դպրոց ու կապտակեր ուսուցչին: Նա հաստատապես ուներ երկու ճանապարհ՝ բանտ կամ հոգեբուժարան: 

Իսկ մեզանո՞ւմ: 

Ցավոք, մեզանում վաղուց մի թաթալոշը դարձել է կենսաձև: Այն նույնիսկ քրեորեն հնարավոր չէ պատժել: Ցանկացած քաղաքացու անպաշտպան լինելը նշանակում է, որ պետությունն է անպաշտպան: Պետությունը միֆական իրողություն չէ: Այն քաղաքացիների միություն է: 

Ապտակը քաղաքացուն՝ ապտակ է պետությանը:

Այս ամենը հետևանքն է այն տմարդի ու ծանծաղամիտ մտայնության, որ ամեն ինչում ուսուցիչն է մեղավոր:

Բանակում զոհեր կան՝ դպրոցն է մեղավոր, լավ չեն դաստիարակել, մի խելապակաս բռնաբարել է հարևանի աղջկան… հաստատ կգտնվի բութ հայացքի կորագծով մեկը, որը կհայտարարի, որ ուսուցիչներն են մեղավոր:

Անկիրթ, անհասկանալի ընտանիքներից դուրս եկած, չպարզաբանված հոգեկան ու խառնվածքային խնդիրներ ունեցող երկու երեխա տանջամահ են արել կատվին: Երկար մի փնտրեք մեղավորներին: Ուսուցիչներն են:

Շարքը կարելի է շարունակել այնքան, որքան կհերիքի ձեր երևակայությունը: Չի՞ հերիքի, օգնության կանչեք Բոսխի դաժան պատկերները կամ Սադի երևակայությանը և կրկին մեղադրեք ուսուցիչներին:

Ցանկացած անհասկանալի իրավիճակի եզրագծում, որպես կեղտոտ սրտի մխիթարանք, կարելի է մեղադրել ում ասես, ինչպես ասես, որտեղ ասես:

Բայց երբ չեն հայտնաբերվում իրական մեղավորները, երբ չունենք բավարար կարողություններ, հմտություններ երևույթների պատճառները հասկանալու, գնահատականներ տալու, երբ պետական բազմաթիվ օղակներ հավերժ արձակուրդի մեջ են, ապա գլուխ ցավեցնելու կարիք չկա:

Ուսուցիչն է մեղավոր…

Այո, սոցիալական անպաշտպանվածությունը, սեփակայն երեխային աստվածացնելու մոլուցքը, դպրոցի, ուսուցչի դերի մինչև վերջ արժեզրկումը բերել են այս հանգրվանին: Կրթության ոլորտի աշխատողը պարտավոր է հանդուրժել բոլորին ու ամեն ինչ: Կրթության ոլորտի աշխատողը պարտավոր է լինել նոքյար, չէ՞ որ նա սուրբ աշխատանք է կատարում: 

Երեխան երես առած է, ոչինչ, ախր նա երեխա է: Ծնողն անձնական խնդիր ունի՝ հասկանալ է պետք, տնօրենը թարս ոտքի վրա է արթնացել, ինչպե՞ս կարելի է, չէ որ նա գործատու է:

Ծնողը, սովորողը, տնօրենը, վարչության պետը, մարզպետը, փոխմարզպետը, փոխքաղաքապետը, համայնքի ղեկավարը, փոխնախարարն ու մնացյալը… Ո՞ւմ վրա է պատում բոլորի ուժը: Դե իհարկե՝ ուսուցչի:

Մենք մեր ուսուցիչներին սիրում ենք այնպես, ինչպես ոմանք իրենց կանանց՝ միայն հարբած ժամանակ, գինարբուքի սեղանի շուրջը կենաց խմելով:

Պատգամավորները կճառեն ամբիոններից, որ մեր էլիտաները պետք է ուսուցիչները լինեն: Քավ լիցի, կարիք չունենք: Ճառերի՝ առավել ևս: Իրականության մեջ, երբ հարց է առաջանում իրական, սոցիալական համերաշխության, կենացներն ի չիք են դառնում, հարդյունս՝ դաժան իրականություն, մեղավորի հերթական փնտրտուք:

Մենք չենք խորհում այն մասին, որ ունեցած խնդիրների պատճառը պետք է նայել խոր պատմության մեջ: Որ մի փունջ ենք ժառանգել նախորդ հասարակարգերից, որտեղ եթե անգամ մեղավորներ կան, ապա բոլորն են մեղավոր: 

Սովետից ժառանգած երեսպաշտությունն ու գողականը, իննսունականներին՝ մշակույթի համար ժամանակ չունենալը, երկուհազարականներին տարածված քրեական բարքերը, վերջնականապես խեղված մշակույթը, յուրաքանչյուրի ճշտի հայեցակարգը, կառավարելի զանգվածների ամենօրյա նյութական նվաստացումը, արժեքների ձևախեղումը և հակաարժեքների գերակայությունը, որը մենք ժառանգություն ենք ստացել, մտել է հասարակության յուրաքանչյուր շերտի մեջ:

Եթե այն անգամ յուրաքանչյուր ընտանիքում չէ, ապա գոնե յուրաքանչյուր շենքում է: Դպրոցը, ուսուցիչը, կրթության գործի մասնակիցն այդ հասարակության հակադրությունը չեն: Դրա մի մասն են: Եվ եթե անգամ մեղավոր են, ապա մեղավոր են բոլորին հավասարաչափ:

Երբ մեղադրում ենք ուսուցչին, արդյոք նրան հարցնո՞ւմ ենք, երբ՝

Երեք տարեկան երեխայի բերանը սիգարետ ենք դնում: Երեխային ամենագռեհիկ քֆուրներն ենք սովորեցնում ու բթացած հայացքով, հորթի զմայլանքով հիանում ենք մեր կրթող տաղանդից:

Երբ հարազատ մորն «արա»-ով ենք դիմում, ու դա կենցաղում կիրառվող՝ ախպերավարի «արա»-ն չէ անգամ:

Երբ սովորեցնում ենք «ճշտով ապրել», թույլից խլել, մի քիչ ուժեղի հետ ախպերություն անել կամ խոնարհվել: 

Երբ եթերը դարձրել ենք հանցագործությունների ու պղծությունների տիեզերք:

Երբ երեխայի ենթագիտակցության մեջ մտցրել ենք, որ չորս սռոկ նստած-հելած, յուր տեսակով Դարվինի ուսմունքը հաստատող նեանդերթալցին, որի վզի ժնջիլն ուղիղ համեմատական է Անդորրայի ոսկու պաշարներին, հարց լուծող է, իսկ ջութակահարը՝ ծյապիկ:

Չենք հարցնում: Շարքը կարող եմ շարունակել ինչքան ուզեք: Եթե չենք հարցրել, ուրեմն՝ բարով վայելեք:

Հ. Գ. Հատուկ տրիվիալ քոմենթչիների համար: Բնականաբար բոլոր ուսուցիչները չէ, որ սուրբ են: Եվ ընդհանրապես, մեր կյանքում սրբեր չկան: Հայաստանում կա շուրջ 32.000 ուսուցիչ և 380.000 աշակերտ:

Ուրեմն կրթական համակարգում կա ուղիղ այդքան անհատ: Հետևաբար կան այդքան անհատական խնդիր, հարաբերություններ:

Եվ այդ հարաբերություններում որևէ կողմը, լինի ուսուցիչ, ծնող, երեխա թե տնօրեն, բռնություն կիրառելու իրավունք չունի: Բռնություն կիրառելը մեր խոհեմության բացակայության և քարանձավային անցյալի ապացույցն է:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am