Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները չպետք է փակվեն. Տավուշի մարզպետը հանդիպել է բնակիչների հետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է մի խումբ տավուշցիների, որոնք ավելի վաղ կարճ ժամանակով փակել էին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը: Այդ մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից:

Հայկ Չոբանյանն արձագանքել է Տավուշի սահմանազատման աշխատանքների հետ կապված ապատեղեկատվությանը և պատասխանել բոլոր հարցերին։ Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ իրենց նպատակը քաղաքական չէ, այլ ուղղակի ցանկանում են համոզվել, որ մեր սահմանները վտանգված չեն։

Մարզպետը լիարժեք պարզաբանումներ է տվել սահմանային գոտու պահպանման սկզբունքների, առկա իրավիճակի, հնարավոր վտանգների վերաբերյալ։ Ճանապարհը փակելու վերաբերյալ մարզպետը խիստ դիրքորոշում է հայտնել առ այն, որ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները չպետք է փակվեն:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ մարզպետի կողմից հայտնած մտքերի, մոտեցումների և սկզբունքների նկատմամբ առարկություններ և անվստահություն չունեն։

https://www.facebook.com/Tavush.Administrative.Region/posts/927110364706830