Իրանում գտնվող «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի օդանավը ունի տեխնիկական խնդիրներ. գործադրվում են բոլոր ջանքերը՝ օդանավը Հայաստան վերադարձնելու համար. ՔԱԿ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին:

«Ընկերությունը, որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար», -նշված է քաղավիացիայի կոմիտեի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ հայկական գրանցում ունեցող ամերիկյան արտադրության Boeing B737-300 օդանավը Էստոնիայի մայրաքաղաքից հայտնվել է Թեհրանում:

Դեպքի առթիվ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: