Երկարատեւ դադարից հետո Ազգային ժողովը կրկին բացել է իր դռները հյուրերի առաջ

Ազգային ժողով արդեն տեւական ժամանակ չէին այցելել դպրոցականներ: Սկզբում համավարակի, հետո պատերազմի պատճառով: Մարտի 23-ին երկարատեւ դադարից հետո ԱԺ-ն կրկին բացեց դռները:

ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելեցին Վաղարշ Վաղարշյանի անվան  թիվ 80 դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները:

Հյուրերի հետ հանդիպեց խորհրդարանի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, օրենքների նախագծերի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը. «Թե՛ աշակերտները, թե՛ ուսանողները հնարավորություն ունեն անկաշկանդ շփվելու պատգամավորների հետ, իրենց հարցերը բարձրաձայնելու եւ մտքեր փոխանակելու»:

Դպրոցականների հարցերը հիմնականում վերաբերում էին Արցախի անկախությանը, երկրի անվտանգությանը: Նրանց նաեւ հետաքրքրքում էր Ազգային ժողովի պատմությունը, շենքի ճարտարապետությունը:

Հյուրերն այցելեցին ԱԺ գրադարան եւ թանգարան, այնուհետեւ ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւեցին խորհրդարանի աշխատանքներին, լուսանկարվեցին նիստերի դահլիճում:

Վահե Էնֆիաջյանը երեխաներին հորդորեց մասնագիտություն ընտրելուց երկար մտածել: Ընտրել այնպիսի ուղղություն, որն իր նպաստը կբերի երկրի զարգացմանը: Ի դեպ, ուսանողների հետ հանդիպումների արդյունքում օրինագծեր են մշակվել եւ կյանքի կոչվել: