Թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է. ՀԹԳՄ նախագահը շնորհավորել է գործընկերների մասնագիտական տոնը

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորել է թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ վստահեցնելով, որ թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ շնորհավորական տեքստում ասվում է. «Կասկած չունեմ, որ մենք ուժ կգտնենք հաղթահարելու ծանր ու դժվարին ժամանակները, որ կարողանանք լիարժեք վերադառնալ մեր անփոխարինելի գործին: Դրա վկայությունն են իրար հաջորդող պրեմիերաներն ու լեփ-լեցուն դահլիճները: Թատրոնի մոգական ուժն առավել քան երբևէ պարտավորեցնում է մեզ ստեղծագործել ու արարել, պարտավորեցնում է ամեն գնով բաց պահել վարագույրը, մշտապես վառել բեմի հեքիաթային լույսերը: Եվ այդպես էլ կլինի, քանզի մեր ականավոր վարպետների կողքին այսօր վստահորեն քայլում են իրենց արդեն հաստատած, օր օրի մեզ հաճելիորեն զարմացնող վառ երիտասարդներ: Վստահորեն կարող ենք ասել, որ մեր թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է: Մեկ անգամ ևս շնորհավոր, ուժ ու կորով մեզ բոլորիս»: