Պրահայում ՀՀ դեսպանությունը և Կարլի համալսարանը Հայկական ամբիոնի հիմնադրման պայմանագիր են ստորագրել

Պրահայում Հայաստանի դեսպանությունը և Կարլի համալսարանը պայմանագիր են ստորագրել՝ համալսարանի արվեստի ֆակուլտետի արևելաեվրոպական ուսումնասիրությունների բաժնի ներքո Հայկական ամբիոնի հիմնադրման կապակցությամբ:

Պրահայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է.

«Հետևելով 2010թ. դեկտեմբերի 10-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի ոգուն և հիմնվելով տասնամյակներ շարունակ Պրահայի Կարլի համալսարանում գործող Հայագիտության ծրագրի գործարկման ավանդույթի վրա՝ Չեխիայում Հայաստանի դեսպանությունը և Կարլի համալսարանը, հայոց լեզվի, պատմության, գրականության, փիլիսոփայության և մշակույթի ուսուցանումն էլ ավելի խթանելու նպատակով, համաձայնեցին համալսարանի արվեստի ֆակուլտետի Արևելաեվրոպական ուսումնասիրությունների բաժնի ներքո Հայկական ամբիոնի հիմնադրման կապակցությամբ, ինչի առնչությամբ կողմերը, ի դեմս դեսպան Աշոտ Հովակիմյանի և արվեստի ֆակուլտետի դեկան, դոկտոր Միխալ Պուլլմաննի, ստորագրեցին համապատասխան պայմանագիր»։