Ս.թ. մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ, ՀՀ և ԱՀ կառավարության մի շարք անդամների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրներին։
Հանդիպման ընթացքում ընդգծվեց Արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր իրականացնելու հրատապությունը: Ծրագրի շրջանակներում Արցախում շուրջ 6000 ընտանիք կապահովվի բնակարանով, կստեղծվեն և կվերականգնվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
ԱՀ նախագահը նշեց, որ հիշյալ ծրագրի համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ է շուրջ 110 միլիարդ ՀՀ դրամ։ Այս Ծրագիրը, ընթացքի մեջ գտնվող մնացած ծրագրերի հետ միասին, հնարավորություն կտա ապահովել տեղահանված բոլոր ընտանիքների վերադարձը Արցախի Հանրապետություն։
Վարչապետն արտահայտեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու նշված Ծրագրին՝ առաջարկելով այն իրականացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Հիմնադրամի քննարկմանը կներկայացվի անհրաժեշտ գումարը «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքի արդյունքում հավաքագրված և ՀՀ բանկային հաշիվներում ու արտեկրում գործող տեղական մարմիններում այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ առկա շուրջ 58 միլիարդ դրամից տրամադրելու առաջարկը:
Իսկ Կառավարությունը պատրաստակամություն հայտնեց հատկացնել Ծրագրի համար անհրաժեշտ ևս 52 միլիարդ դրամը այն Հիմնադրամին փոխանցելու միջոցով՝ հաշվի առնելով նաև պատերազմի ընթացքում Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված համարժեք ֆինանսական աջակցությունը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունեց առաջարկը:
Հանդիպման արդյունքում որոշվեց նաև, որ ԱՀ կառավարությունն առաջիկայում կներկայացնի 2021-2024 թվկանների համար նախատեսվող Ծրագրի մանրամասն նկարագիրը, որի իրականացման հարցերը կքննարկվեն ՀՀ կառավարության և Հիմնադրամի միջև:
1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով:
Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։