Արցախի դատախազությունն ուսումնասիրում է նախկին պաշտոնյաներին բնակարաններ նվիրելու իրավաչափությունը

Արցախի գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են սույն թվականի մարտի 29-ին դատախազություն մուտքագրված դիմումներում ներկայացված` նախկին տարիներին պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները` բավարար հիմքերի առկայության դեպքում պետության գույքային շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթն իրացնելու նպատակով»,-հայտնում են իրավական կառույցից: