Կոմանդոսը ամենադժվար պահին մեկնեց Ղարաբաղ և սկսեց մի կողմից մասնակցել մարտական գործողություններին, մյուս կողմից ձևավորել բանակը. Պաշտպանության նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կոմանդոսի հետ աշխատել է դեռ 90-ական թվականներից:

«Կոմանդոսին ես ճանաչում եմ 90-ական թվականներից: Ամենադժվար պահին, երբ ձևավորվում էր Ղարաբաղի բանակը, ռազմաքաղաքական վիճակը շատ բարդ էր, պաշտպանության կոմիտեն որոշեց նրան ուղարկել Ղարաբաղ: Նա ամենադժվար պահին մեկնեց Ղարաբաղ և սկսեց մի կողմից մասնակցել մարտական գործողություններին, մյուս կողմից ձևավորում էր բանակը»,- պատմեց նա:

Հարությունյանի խոսքով՝ երբ ինքը 1999 թվականին նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, Կոմանդոսն իր մոտ աշխատում էր հատուկ հանձնարարությունների գեներալ: «Ամենակարևորը՝ նա մեծ ներդրում ունի Ղարաբաղի բանակի կայացման գործում և սկզբնական փուլում այդ մարտական գործողություններին, որ ուզում եմ շեշտել՝ ամենադժվար պահն էր, երբ իրավիճակը պարզ չէր»,- ասաց նախարարը: