«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթներ հակասում են Սահմանադրությանը. ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ համատեղ հայտարարությունը

ՀՀ ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից 24.03.2021 թվականին) որոշ կարգավորումների՝ Սահմանադրության հետ համապատասխանության վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որը բաց է գիտակրթական կազմակերպությունների և կառույցների միանալու համար:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 24.03.2021 թվականին ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք), որը կարգավորելու է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգի գործունեության, ոլորտի կառավարման և  ֆինանսատնտեսական հարաբերությունները:

Օրենքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա են առանձին կարգավորումներ, որոնք առերևույթ խնդրահարույց են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ համապատասխանության տեսանկյունից։ Այսպես.

  1. Օրենքով առաջարկվող հանրային բուհի կառավարման մոդելն առերևույթ հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված լիազորող նորմերի իրավական որոշակիության, 38-րդ հոդվածով սահմանված բուհական ինքնավարության հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության համար անկյունաքարային համարվող և Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքին։

Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին։

Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը:

Սահմանադրության 79-րդ հոդվածը սահմանում է, որ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Այսպես՝ Օրենքով առաջարկվում է հանրային բուհի կառավարման խորհրդի այնպիսի կազմ, որում անդամներից 5-ը, այսինքն՝ կեսից ավելին, պետք է լինեն համապատասխան նախարարի ներկայացուցիչներ: Որոշ բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման նախորդ փուլում միջազգային փորձագետները մտահոգություն էին հայտնել, որ ՀՀ բուհերի կառավարման մարմիններում գերակշռում է վարչական մասնակցությունը: Օրենքով ավելի շատ է սրվում այս խնդիրը, քանի որ լիազոր մարմինը նշանակում է ոչ միայն կառավարման խորհրդի կեսից ավելին, այլև կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել իր կողմից նշանակված անդամների լիազորությունները՝ այսպիսով լրիվ կախվածության մեջ դնելով իրենից:

Ավելին՝ Երևանի պետական համալսարանի կայքում։