Ավետարանոց համայնքի ղեկավարը ցուցակներում ակնհայտ կեղծ տվյալներ է ներառել․ Արցախի դատախազությունում գործ է հարուցվել

Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի ղեկավարը՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով և ֆինանսական աջակցություն ցույց տալու կարեկցանքով պայմանավորված, համայնքի՝ պետական աջակցության ծրագրերի շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով, ցուցակագրել է քաղաքացիների տվյալներ, որոնք նախքան 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմական գործողություններն սկսվելը՝ վերջին երեք ամիսներին համայնքում փաստացի չեն բնակվել և ծրագրի շահառու չեն հանդիսացել։ Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցման ծրագրի շրջանակներում, Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի ղեկավար Սևակ Բաղդասարյանն ունենալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, համայնքի շահառուների ցուցակում ընդգրկել է համայնքում  փաստացի չբնակված և ծրագրի շահառու չհանդիսացող թվով 277 քաղաքացու:

Արդյունքում հիշյալ ցուցակներն ուղարկվել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա  վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն, ինչի հետևանքով էլ պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 81 միլիոն 900 հազար ՀՀ դրամի նյութական վնաս։

Սույն դեպքերի առթիվ`Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի  322-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) և 332-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը)նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված  հանցագործությունների  գործերով բաժինը: