Մարտի 1-ի ոճրագործները կանգնելու են պատասխանատվության առաջ, կասկած չունենաք. Արման Բաբաջանյան

Գործող իշխանությունը տապալել է երկրում իրավական քաղաքականությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ արձագանքելով մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին արդարացնելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը:

«Այս մեծագույն ձախողման համար ոլորտի մի շարք պատասխանատուներ պետք է արդեն ազատված լինեին պաշտոններից: Առաջիկա ընտրություններից հետո ձևավորվելիք նոր քաղաքական միջավայրում միայն հնարավոր է հիմնավորապես սկսել դատական, դատախազական, ԱԱԾ, քննչական մարմինների և ոստիկանության առողջացմանն ուղղված բարեփոխումների մեծ փաթեթը:

Գործող դատական և իրավապահ մարմինները սպառնալիք են պետության անվտանգությանն ու կենսունակությանը: Մարտի 1-ի ոճրագործները կանգնելու են պատասխանատվության առաջ: Կասկած չունենաք:

Հայաստանի պետականության հակառակորդներն ու թշնամիները կրելու են իրենց արժանի պատիժը: Չի կարող բանակի, ուժային կառույցների և օլիգարխիայի հանցավոր համաձայնությամբ ընտրությունները կեղծելու ճանապարհով և իշխանությունը բռնի պահելու համար 10 խաղաղ ցուցարարի սպանությունը անպատիժ մնալ:

Հոդվածը հանցավոր համաձայնությամբ վերացրիք, հանցանքը, տեղի ունեցած հրեշավոր իրադարձությունը մեր հիշողությունը չեք կարող ջնջել»: