Բայդենն առաջարկել է Պուտինին բարձր մակարդակի հանդիպում անցկացնել երրորդ երկրում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է առաջիկա ամիսներին բարձր մակարդակի հանդիպում անցկացնել երրորդ երկրում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Բայդենը և Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք տարածաշրջանային ու գլոբալ հարցեր, այդ թվում` սպառազինությունների վերահսկման և անվտանգության նոր հարցերի շուրջ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի երկխոսությունը շարունակելու մտադրությունը:

Բայդենը «նաև հստակ հասկացրել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն կգործեն ի պաշտպանություն իրենց ազգային շահերի՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, ինչպիսիք են կիբեռհարձակումները և ընտրություններին միջամտությունը»:

«Նախագահ Բայդենը կարևորել է ԱՄՆ-ի անսասան հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ: Նախագահը մտահոգություն է հայտնել օկուպացված Ղրիմում և Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական հզորության հանկարծակի կուտակման կապակցությամբ և Ռուսաստանին կոչ է արել թուլացնել լարվածությունը:

Նախագահը վերահաստատել է Ռուսաստանի հետ կայուն ու կանխատեսելի հարաբերություններ հաստատելու իր նպատակը` ԱՄՆ շահերին համապատասխան, և առաջարկել է առաջիկա ամիսներին բարձր մակարդակի հանդիպում անցկացնել երրորդ երկրում` Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի առջև ծառացած խնդիրների ամբողջական շրջանակը քննարկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: