Պատրոն Դավի՞թն է մեղավոր, թե՞ Տոնոյան Դավիթը, թե՞ Մակար Ղամբարյանը. Ըստ Ալեքսանդր Սիրունյանի՝ «Պատրոն Դավիթը ամենավերջին մեղավորն է»

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որը պաշտպանության նախարարությունում զենք-զինամթերքի գնումների ու դրա շուրջ չարաշահումների հետ կապված խնդիրների մասին բազմիցս էր բարձրաձայնել, պնդում է՝ ՊՆ-ին զենք մատակարարող օֆշորային ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը ամենավերջին մեղավորն է:

«Ապրանք էր բերել, ընդունել են, որ կարող էին չընդունել, ու դրա համար դարձավ հիմնական մեղադրյա՞լ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում հարցադրում է անում Սիրունյանը:

Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, որը Հայաստանում հայտնի է որպես Պատրոն Դավո, «առանձնապես խոշոր չափով գումար հափշտակելու դիտավորությամբ ընկերության անունից ՀՀ ՊՆ-ի հետ կնքել է պայմանագիր և դրա հիման վրա մատակարարել 1983-1986 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ»: 

Սակայն, ըստ ԱԱԾ հաղորդագրության, իրականում Դավիթ Գալստյանը մատակարարել է ավելի հին՝ 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ՝ թաքցնելով գնումների պլանով նախատեսված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանելու փաստը:

Դրա դիմաց Դավիթ Գալստյանի ընկերությունը ստացել է 1 մլն-ից ավելի դոլար: Խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ԱԱԾ է բերման ենթարկվել Դավիթ Գալստյանը, որին արդեն մեղադրանք է առաջադրվել:

Ավելին, ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրան կալանավորելու համար:

«Ես իմ բոլոր հարցազրույցներում ու հայտարարություններում բարձրաձայնել եմ՝ ՊՆ-ի գնումներում կա խնդիր, ՊՆ-ն գնում է բռակ, խոտան ապրանք, ՊՆ-ն գնում է ապրանքը 2-3 անգամ թանկ:

Է հետո՞, Պատրոն Դավիթը մեղավոր է, Տոնոյան Դավիթը մեղավոր չի՞, Մակար Ղամբարյանը (պաշտպանության նախկին փոխնախարար-հեղ.) մեղավոր չի՞: Ես ուղղակի մեկ բան կարող եմ ասել՝ Դավիթ Գալստյանը ամենավերջին մեղավորն է այս պատմության մեջ»,- ասում է Ալեքսանդր Սիրունյանը:

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարության կարիքների համար հայտարարվող գնումների մրցույթներում հիմնական հաղթողը և զենքի մատակարարը եղել է Դավիթ Գալստյանի ընկերությունը:

Ավելին, այդ ընկերության մասնակցության համար նույնիսկ գնումների պլաններ ու ձեռք բերվող ապրանքների տեխնիկական բնութագրեր են փոխվել: 

«Պատրոն Դավի՞թն է մեղավոր, որ «Զինվորի սնունդ» ծրագրով սնունդը բանակին մատակարարվում է շուկայականից երկու անգամ թանկ:

Թե՞ որ Տոնոյան Դավիթը 2018 թվականի հունիսի 14-ին բյուջեի փողերից անտոկոս ու աննպատակային 3.5 մլն դոլար փոխառություն է տալիս օֆշորային ընկերությանը, Պատրոն Դավի՞թն է մեղավոր, թե՞ Տոնոյան Դավիթը:

ԱԱԾ քննիչները պետք է հարց բարձրացնեն՝ ինչպե՞ս է արվում, որ ՊՆ-ի գնումները արվում են առանց մրցույթի, մեկ անձից, ռազմամթերքի մատակարարման հարցերում հիմնական բոլոր մատակարարումների պայմանագրերը կնքվել են, այո՛, Դավիթ Գալստյանի հետ»,- ընդգծում է Սիրունյանը:

Հարցին, թե արդյոք իշխանությունների կողմից հովանավորչություն տեսնո՞ւմ է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ, փաստաբանը դրական պատասխան տվեց՝ ընդգծելով.

«Այդպիսի տպավորություն, այո՛, այս պահին ունեմ: Բայց Աստված չանի, խորանա»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am